Թբիլիսյան հարթակը՝ «3+3»-ին այլընտրանք

Տարածաշրջանային «3+3» համագործակցության ձևաչափի (Ռուսաստան, Թուրքիա, Իրան և Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) մոտ մեկ շաբաթ առաջ կայացած առաջին նիստին Վրաստանը չմասնակցեց, մերժում է այդ նախաձեռնությունը, փոխարենը ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծման բանակցությունների և քննարկումների համար հարևաններին շարունակում է առաջարկել իր հարթակը, իսկ այս տարվա ամռանը ԱՄՆ-ի մասնակցությամբ միջնորդել է 15 հայ գերիների վերադարձը Հայաստան Ադրբեջանի կողմից վերահսկվող ականապատ տարածքների քարտեզների դիմաց:

Հարավային Կովկասում միակ արևմտամետ արտաքին քաղաքականություն որդեգրած Վրաստանի ազգային շահերի համար կոնֆլիկտի լուծման մեդիատոր լինելը կարող է աննախադեպ հաղթանակ բերել երկու հարևաններին՝ ռազմավարական գործընկերոջն ու բարիդրացիական հարևանին հաշտեցնելու համար, նաև՝ ամենակարևոր ռազմավարական գործընկերոջը՝ ԱՄՆ-ի դերակատարությունը տարածաշրջանում վերականգնելու առումով:

«Թող Թբիլիսին դառնա երկխոսության հարթակ։ Մենք հավակնություն ունենք մեր հարևաններին առաջարկել տնտեսական նախագծեր, որոնք կօգնեն թուլացնել լարվածությունը տարածաշրջանում: Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այս երեք երկրները», — նոյեմբերի 19-ին ասել էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, անվտանգության հարցերով փորձագետ Վախթանգ Մաիսաիան դրական նախադեպ է համարում «3+3» հարթակը «Թբիլիսյանի» վերափոխելու հնարավորությունը:

«Նախևառաջ պետք է նշել, որ «3+3»-ը լիովին անընդունելի է Վրաստանի համար, այն չի էլ կարող քննարկվել, լավագույն դեպքում կարող է լինել եռյակի՝ հարավկովկասյան երկրների հարթակ, իսկ լավ կլինի, եթե այս հարթակը կոչվի 3+2, ու մեր այս եռյակին միանան Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը: Եթե սա չհաջողվի, Վրաստանը միևնույնն է հրաշալի մեդիատոր կլինի՝ հաշվի առնելով նաև երկրի ներսում երկու էթնիկ խմբերի՝ հայերի ու ադրբեջանցիների համակեցությունը»:

Մաիսաիան «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ներկայացնում է չորս պատճառ, թե ինչու հենց Վրաստանը պետք է զբաղվի այս հարցով.

«Նախևառաջ, փաստ է անցած փորձը՝ Թբիլիսիին հաջողվեց դրական միջնորդական դեր ունենալ գերիների ու քարտեզների փոխանակման հարցում: Երկրորդը` Վրաստանն անհրաժեշտ է երկու հարևաններին էլ, հենց Վրաստանն է այս տարածաշրջանի «հաբը», երրորդը երկու հարևանների հետ ավելի քան դրական հարաբերություններն են, հարևանները կարող են «հաշվի նստել» Վրաստանի հետ ու չորրորդը՝ Վրաստանի ներսում բնակվող հայ եւ ադրբեջանցի էթնիկ փոքրամասնություններն են»:

Ի դեպ, Մաիսաիան և ԹՊՀ մի շարք պրոֆեսորներ դեռ մինչև գերիների ու քարտեզների փոխանակումը բաց նամակով դիմել էին Վրաստանի իշխանություններին՝ կոչ անելով ավելի ինտենսիվորեն աշխատել միջնորդության ուղղությամբ:

Մաիսաիայի հետ համակարծիք չէ քաղաքագետ Գելա Վասաձեն: Ըստ վերջինիս՝ չնայած Վրաստանի ազգային շահերի համար մեդիատոր լինելը լավագույն տարբերակը կլիներ, ամեն դեպքում, բանականորեն մտածելիս պարզից պարզ է՝ դրա համար Վրաստանը ռեսուրս չունի. Վրաստանից կախված չէ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը:

«Կա երկրորդ տարբերակ. Հարավային Կովկասի տարածաշրջանում Վրաստանը միակ երկիրն է, որտեղ ապրում են երկու էթնիկ խմբերն էլ, հենց այս պատճառով էլ մենք կարող ենք հրավիրել մեզ մոտ բոլոր մակարդակների պատվիրակություններ, հավաքենք նրանց մի տեղում ու լուռ փակենք դռները: Երկկողմ բանակցությունների համար Վրաստանն իդեալական վայր է: Երկու կողմերի փորձագետները որոշակի թերահավատությամբ են նայում այս տարբերակին, ասում են՝ մեդիատոր է անհրաժեշտ, սակայն անխուսափելի է երկկողմ բանակցությունը: Մենք մեդիատոր լինել չենք կարող, դրա համար պետք է առնվազն մեծ ազդեցություն ունենաս կողմերի վրա»,- ասում է Վասաձեն:

Կոնֆլիկտաբան Իրակլի Կակաբաձեն, իր հերթին, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ միակ ճիշտ ճանապարհը Վրաստանի համար հենց որպես մեդիատոր հանդես գալն է: Հակառակ դեպքում՝ Կովկասն իրենց ձեռքը կգցեն խոշոր դերակատարները.

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` իդեալական տարբերակ կլիներ Վրաստանի միջնորդությունը, սակայն այստեղ պետք է հաշվի առնել նաև հարևան երկրների «կախվածությունը մեծ եղբայրներից»՝ Ադրբեջան-Թուրքիա ու Հայաստան-Ռուսաստան, ինչպես նաև Ադրբեջան-Ռուսաստան տանդեմների խախտումն ու դեպի Վրաստան ձգվելը դժվար է պատկերացնել ստեղծված իրավիճակում»:

Իրակլի Կակաբաձեն, սակայն, գտնում է, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվել է. Ադրբեջանը լավ է հասկանում Թուրքիայի նպատակները, իսկ Հայաստանը պետք է հասկանար, որ Ռուսաստանի «փրկչի» դերը իրականում չի աշխատում, հենց Ռուսաստանը ևս մեկ կողմ է այս կոնֆլիկտում, ու աշխատում է ապակայունացման ուղղությամբ:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Ռոնդելիի հիմնադրամի վերլուծաբան Բուկա Պետրիաշվիլին ասում է.

«Վրաստանի միջնորդությամբ հնարավոր էր կարևոր կոմունիկացիաներ իրականացնել ու լուծել կոնկրետ հարցեր: Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները գնան դեպի կարգավորում, և եթե Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններում սառույցը սկսի հալվել, Վրաստանն իր օգուտը կստանա ինչպես տարածաշրջանային խաղացողի իմիջի ուժեղացման, այնպես էլ՝ կոնկրետ նախագծերում մասնակցության արտոնություններ ստանալու առումով»:

Վրաստանի առաջարկը դեռևս արձագանքներ չի ունեցել հարևան երկրների կողմից, փոխարենը՝ վերջիններս արդեն մասնակցում են «3+3» ձևաչափին: Ինչ հաջողություններ կունենա Վրաստանը Թբիլիսին այլընտրանքային հարթակ դարձնելու հարցում, դեռևս անհայտ է: