Վրաստանի՝ որպես մեդիատոր հանդես գալու նախաձեռնությունն արել են պրոֆեսորները. փորձագետ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայնությունը` գերիների վերադարձի ու ականների քարտեզի փոխանակման հետ կապված, Վրաստանին տարածաշրջանում մեդիատորի ու «խաղաղության հարթակի» նոր կարգավիճակ է տալիս: Վրաստանում թեմայի հետ կապված ոգևորություն էին հայտնել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ու մի շարք փորձագետներ ու քաղաքական գործիչներ:

Արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով, վարչապետը շուրջօրյա ռեժիմով ներգրավված էր բանակցություններում՝ արդյունքին հասնելու համար: Ինքը` Ղարիբաշվիլին, գերիների վերադարձի օրը հայտարարություն էր տարածել ֆեյսբուքյան էջում.

«Ուրախ եմ, որ իմ ակտիվ ներգրավվածությամբ և մեր ռազմավարական գործընկերոջ, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի մասնակցությամբ ադրբեջանական կողմը կոնֆլիկտի ժամանակ ձերբակալած Հայաստանի 15 քաղաքացիներին ազատ է արձակել և Վրաստանի տարածքով նրանք կվերադառնան իրենց ընտանիքներին»,- նշված է Ղարիբաշվիլիի հրապարակման մի հատվածում:

Նույն օրը հարցին անդրադարձել էր նաև Զալկալիանին: Բացելով գործարքի մասին որոշ փակագծեր, վերջինս նշել էր՝ այս ուղղությամբ աշխատանքներ էին տարվում երկու-երեք ամիս շարունակ, ու Վրաստանն ակտիվորեն ներգրավված էր դրանցում:

Գերիների ու ականների քարտեզի փոխանակման գործընթացից հետո, ԱՄՆ-ն իր երախտագիտությունն էր հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ու Վրաստանի կառավարությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի քայլերին օգնելու հարցում ունեցած էական դերակատարման համար, ինչը տարածաշրջանի ժողովրդին ավելի է մոտեցնում խաղաղ ու բարեկեցիկ ապագային, որին նրանք արժանի են։

Թեմայի շուրջ խոսակցությունները Վրաստանում շարունակվում են նաև փորձագիտական հատվածում: Անվտանգության ու ռազմական հարցերով փորձագետ, Թբիլիսիի պետական համալսարանի կոնֆլիկտաբանության բաժնի դասախոս Վախտանգ Մաիսայան գտնում է, որ սա Վրաստանի համար դիվանագիտական մեծ ձեռքբերում է.

«Սա լուրջ հաջողություն է: Վրաստանի՝ որպես մեդիատոր հանդես գալու նախաձեռնությունն առաջին անգամ առաջարկել են ակադեմիական շրջանակներից, հեղինակը՝ ԹՊՀ պրոֆեսոր, կովկասագետ Ցիրա Բարամիձեն էր, Մամուկա Արեշիձեն, ես, Ալեքսանդր Ռուսեցկին, Ալիկա Գուչուան և մնացածները, մի քանի կետանոց խնդրանք էինք ներկայացրել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ու, ինչպես երևում է, պետությունը հաշվի է առել մեր առաջարկը»,- ասում է Մաիսայան:

Մաիսայայի խոսքով, Վրաստանի տարածաշրջանային կարգավիճակը տարիների ընթացքում բավականին թույլ էր, իսկ հիմա այս քայլով վերադարձել են 93 թվականի իրավիճակին, երբ Վրաստանը հարևաններին առաջարկել էր խաղաղ Կովկասի նախաձեռնությունը: Մաիսայան վերհիշում է նաև Գամսախուրդիայի տարիներին արված առաջարկը` Կովկասյան տուն հիմնելու վերաբերյալ:

Բացի այս, իրադարձության հետ կապված մեկնաբանություն է արել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ միասին Վրաստանը կարողացավ օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը:

«Կեցցեն բոլորը, ովքեր մասնակցեցին մեր կողմից: Որքան ես գիտեմ, վարչապետ Ղարիբաշվիլին մասնակցություն է  ունեցել, կեցցե նա: Այո, Վրաստանը Հարավային Կովկասում ունի ունիկալ քաղաքական և տարածաշրջանային դիրք: Ցավալի է, որ մենք այս լծակը ճիշտ չօգտագործեցինք` մանավանդ Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության ընթացքում: Այս դերի օգտագործումը շատ ձեռնտու է ամբողջ երկրին: Մի կողմ թողնելով քաղաքական նախասիրությունները` մենք բոլորս այս երկրի զավակներն ենք: Կարելի է հպարտանալ, որ Վրաստանի պետությունն ու կառավարությունը կարողացան դա անել», — ասել է պատգամավորը:

Ակադեմիական ոլորտի այլ ներկայացուցիչներ ևս գտնում են, որ հատկապես ԱՄՆ-ի ու ԵՄ աջակցության ֆոնին, Վրաստանի համար մեծ ձեռքբերում է Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի լուծմանը ներգրավվելը որպես մեդիատոր, ինչը կարևոր է և՛ Եվրաատլանտյան ճանապարհը բռնած երկրի համար:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։