Պատրիարքարանի ֆինանսավորումն ավելացել է մինչև 60 մլն լարի

Վրաստանի պատրիարքարանի ֆինանսավորումն ավելացել է մինչև 60 մլն լարի: Համապատասխան որոշումը կառավարությունը հրապարակել է մարտի 15-ին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, պատրիարքարանի կրթական նախագծերի ֆինանսավորումն ավելացել է հինգ միլիոն լարիով։ Ընդհանուր առմամբ, պատրիարքարանին ենթակա կազմակերպությունների ֆինանսավորումը պետբյուջեից հասել է 60 մլն լարիի։

Նորարարության և տեխնոլոգիաների գործակալության միջոցառումից հետո վարչապետը լրատվամիջոցների հարցին ի պատասխան պարզաբանել է, որ պատրիարքարանի համար ընդհանուր 25 միլիոն ֆինանսավորում կա, բայց դրանից դուրս 2024 թվականի պետական ​​բյուջեում 30 միլիոն հատկացում է ներառվել, որը կօգտագործվի պատրիարքարանի կրթական ծրագրերի համար, և այդ ֆինանսավորումը հավելյալ ավելացվել է հինգ միլիոնով։ Ըստ Կոբախիձեի՝ ֆինանսավորումը կապ չունի ընտրությունների հետ։

«Խոսքը մի քանի տասնյակ ուսումնական հաստատությունների, մի քանի տասնյակ դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, դպրոցական հաստատությունների ֆինանսավորման մասին է, այսինքն՝ ընդհանուր առմամբ նրանց ֆինանսավորումն ավելացել է հինգ միլիոնով»,- հավելել է վարչապետը: