Պետապարատի 35 տոկոսանոց կրճատում․ նախարարությունների օպտիմալացման վրաստանյան փորձը

Վրաստանի խորհրդարանն ամիսներ առաջ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու նախագիծ ընդունեց: Մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ անկյունաքարային իրադարձությունը նախարարությունների միավորումն էր: Արդյունքում 14 նախարարության փոխարեն այժմ Վրաստանում 10 նախարարություն է և 1 պետնախարարություն: Սա իշխող «Վրացական երազանքի» իրականացրած միակ փոփոխությունը չէր: Դեռևս 2017 թվականին նախարարությունների թվաքանակը կրճատվեց՝ 16-ից դառնալով 14:

Հանրային ծառայությունը «Վարդերի հեղափոխությունից առաջ» և դրանից հետո

2003 թվականին Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությունից առաջ, երկրում հանրային ծառայությունը պակաս գործունակ էր. բնութագրվում էր տարբեր կառուցվածքների միջև գործառույթների նմանակում, պետության կողմից մասնավոր հատվածի գործունեությունում միջամտելու բարձր ցուցանիշ, հանրային գերատեսչությունների և աշխատակիցների մեծ թիվ, աշխատավարձերի պարտքեր, որոնք հաճախ նաև տարիներով չէին տրվում աշխատակիցներին, և ֆինանսական կայունության բացակայություն: Ու թեև կային փաստաթղթեր, որոնք ձևավորում էին երկրի կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, նրանք զուրկ էին հստակ առաջնահերթություններից: Օրինակ` տնտեսական զարգացման և աղքատությունը հաղթահարելու ծրագրով 600-ից ավել առաջնահերթություն է եղել:

Հեղափոխությունից հետո նոր կառավարության առաջնահերթություններից մեկը հենց հանրային ծառայության բարելավումն էր և գործունեության արդյունավետության բարձրացումը: Այս նպատակով հիմնվել էր հանրային ծառայության բարեփոխման քաղաքական տեսլական, որի շրջանակներում սահմանվել էր ինստիտուցիոնալ փոփոխությունների, հանրային ծառայողների թվաքանակի օպտիմալացմանը, շարժառիթների համակարգային բարելավմանը, բյուջեի ծրագրմանը և ծախսերի արդյունավետության ու թափանցիկությանը, կոռուպցիայի վերացմանը, մասնավոր հատվածի գործունեությանը հնարավորինս չմիջամտելուն և նախարարությունների միջնաժամկետ ծրագրերի ձևավորմանը վերաբերող հարցեր:

2003 թվականի ավարտին և 2004-ի սկզբին, իշխանության գալուց անմիջապես հետո, նոր կառավարությունը սկսեց հանրային հատվածի ակտիվ և ռադիկալ բարեփոխումներ: Նախ, 2004 թվականի փետրվարի 11-ին ուժի մեջ մտավ «Վրաստանի կառավարության կառուցվածքի, իրավասությունների ու գործունեության մասին» օրենքը: Արդյունքում, գոյություն ունեցող 18 նախարարությունների և 18 պետդեպարտամենտների փոխարեն ձևավորվեց 15 նախարարություն, իսկ պետդեպարտամենտները վերածվեցին ենթագերատեսչությունների և մտան համապատասխան նախարարությունների մեջ: Ավելի ուշ, հանրային ծառայությունների թվաքանակի օպտիմիզացիայի նպատակով նոր բարեփոխումներ իրականացվեցին:

«Վրաստանի կառավարության կառուցվածքի, իրավասությունների ու գործունեության մասին» օրենքում փոփոխություններ մտցվեցին, որի արդյունքում ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրեց իր գոյությունը, իսկ գործառույթները փոխանցվեցին տնտեսական զարգացման նախարարությանը: Չեղյալ հայտարարվեցին նաև Վրաստանի պետական անվտանգության նախարարությունն ու պետական գաղտնիքների պաշտպանության պետական տեսչությունը, որոնց գործառույթները փոխանցվեցին ներքին գործերի նախարարությանը:

Վերոնշյալ փոփոխություններից հետո անհրաժեշտ էր նաև օպտիմալացնել հանրային ծառայողների թվաքանակը: Բարեփոխումների արդյունքում նախարարությունների աշխատակիցների թիվը 102 հազար 571-ից նվազեց 66 հազար 615-ի (35%-ով), իսկ ենթագերատեսչությունների աշխատակիցների թիվը 23 հազար 769-ից նվազեց 8 հազար 237-ի (65%-ով):

Այս ամենի հետ մեկտեղ, որոշ հաստատություններում աշխատակազմն ամբողջովին նորացվեց: Ամբողջովին նորովի ձևավորվեց, օրինակ, պարեկային ոստիկանության, սննդի անվտանգության գործակալության աշխատակազմերը և այլն:

Բարձրացան նաև աշխատավարձերը: Եթե 2003 թվականին պետբյուջեից աշխատավարձերի համար հատկացված գումարը կազմում էր 138.321.200 լարի, ապա 2004 թվականին 198.675.600 (43%ավել), իսկ 2005 թվականին` 276.461.300 լարի:

«Վրացական երազանքի» բարեփոխումները

2012 թվականին Վրաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ: Ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչվեց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությունների դաշինքը: Սաակաշվիլիի կառավարման տարիներին, թեև սկսզբում նախարարությունների թիվը նախ նվազել էր 13-ի, մինչ 2012 թվականը նոր նախարարություններ էին ստեղծվել և դրանց թիվը հասել էր 16-ի:

2017 թվականին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի կառավարությունը հայտարարեց, որ նախարարությունների օպտիմալացման գործընթաց են սկսում, որի արդյունքում նախարարությունների թիվը նվազելու է և 13 նախարարություն է մնալու: Այն ժամանակ շրջակա միջավայրի և բնական պաշարների, էներգետիկայի, սպորտի և երիտասարդության նախարարությունները դադարեցրին իրենց գործունեությունը: Բնական պաշարների մասն անցավ էկոնոմիկայի նախարարությանը, շրջակա միջավայրի պաշտպանումը` գյուղատնտեսության, էներգետիկայի նախարարությունը նույնպես միացվեց էկոնոմիկայի նախարարությանը: Սպորտը միացավ մշակույթի և հուշարձանների պաշտպանությանը, իսկ երիտասարդության հարցերով սկսեց զբաղվել կրթության և գիտության նախարարությունը: Չեղյալ հայտարարվեց եվրոպական և եվրաինտեգրման հարցերով պետնախարարությունը, իսկ գերատեսչությունը փոխանցվեց արտաքին գործերի նախարարությանը: Սակայն ընդամենը մեկ ամիս անց Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց` Բիձինա Իվանիշվիլիի հետ խնդիրների պատճառով:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, օպտիմալացման ժամանակ ընդամենը 101 աշխատակից է ազատվել, սակայն հետագայում, նրանց մեծ մասը նորից գործի է անցել կառավարության այլ ենթակառուցվածքներում: Ու թեև նախատեսվում էր, որ մոտ 100 միլիոն լարիի խնայողություն կարվի, տեղի ունեցավ հակառակը: 2018 թվականի բյուջեն 56 միլիոն 200 հազար լարիով ավելի էր, քան 2017 թվականի բյուջեն: Միևնույն ժամանակ, որոշ նախարարություններում, իրոք, խնայողություն էր կատարվում:

Օրինակ, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության միավորմամբ ավելացել է աշխատակիցների թիվը: Եթե մինչ օպտիմալացումը շրջակա միջավայրի գործակալությունում աշխատում էր 2, 203 մարդ, բյուջեն 45.9 միլիոն էր, իսկ գյուղատնտեսության նախարարությունում 1 377, իսկ բյուջեն` 276 միլիոն, ապա միավորումից հետո դրանց թիվը կազմեց 3 հազար 568, իսկ արդեն միասնական բյուջեն` 274 միլիոն: Մոտ 47 միլիոն լարիի խնայողություն էր գրանցվել: Փոխարենը 100 միլիոնով ավելացել էր պաշտպանության նախարարությանը հատկացված գումարը, կամ ՏԻՄ մարմիններին տրանսֆերների տեսքով հատկանցված միջոցները (48 միլիոնով):

«Վրացական երազանքի» կողմից օպտիմալացման երկրորդ ալիքն սկսեց արդեն նոր վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նա 2018 թվականին հայտարարեց, որ նախարարությունների թիվը նորից կրճատվելու է, 13-ի փոխարեն լինելու է 10 նախարարություն, որի արդյունքում, ըստ վարչապետի՝ 100-120 միլիոն լարիի, իսկ ըստ իշխող թիմի որոշ պատգամավորների` 250 միլիոն լարիի խնայողություն է արվելու:

Օպտիմալացման երկրորդ ալիքի ժամանակ վերացվեց Վրաստանի բռնագրավված տարածքներից բռնի տեղահանված անձանց, վերաբնակեցման և փախստականների նախարարությունը, որի գործառույթները (փախստականների վերաբնակեցման հարցեր) փոխանցվեցին շրջանային զարգացման և ենթակառուցվածքների, (միգրացիային վերաբերող հարցերը) ներքին գործերի, (սոցիալական քաղաքականության հարցերը) աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություններին։ Մշակույթի և սպորտի նախարարությունը միացվեց կրթության և գիտության նախարարությանը, պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարությունը` արդարադատության նախարարությանը։