Պետք է պահպանենք ռուս զբոսաշրջիկներին. էկոնոմիկայի նախարար

«Զբոսաշրջության ոլորտը մարտահրավերի առաջ է կանգնած: Մենք ամենաանվտանգ և գրավիչ զբոսաշրջային շուկաներից մեկն ունենք»,- այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:

«Վրաստան են այցելում ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում ռուս զբոսաշրջիկներ, ինչը կարևոր ուղղություն էր և հույս ունեմ՝ կշարունակի լինել: Զբոսաշրջային ոլորտի պահանջն է, որ նոր շուկաների հետ միասին փորձենք պահպանել ռուս  զբոսաշրջիկներին: Մենք հնարավորինս աջակցում ենք կազմակերպություններին, որպեսզի թուլացնենք բացասական ազդեցությունը»,- հայտարարել է Թուրնավան:

Հիշեցնենք, որ Վրաստանում վերջին օրերին ծավալված իրադարձություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից փոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան։ Այս որոշմանն ի պատասխան՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է, որ զբոսաշրջիկները պետք է շարունակեն այցելել Վրաստան, որովհետև նրանք սիրում են Վրաստանը: Համացանցում էլ վրաստանյան օգտատերերը «Հանգստացի՛ր Վրաստանում» խորագրով արշավ են հայտարարել: