Pfizer-ի և AstraZeneca-ի խթանիչ դոզան հնարավոր է կատարել 3-րդ ամսից

Pfizer-ի և AstraZeneca-ի խթանիչ (բուստեր) չափաբաժնի ընդունման ժամկետը կրճատվել է մինչև երեք ամիս։ Այս մասին որոշումը կայացվել է իմունականխարգելման խորհրդի կողմից: 

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, եթե նախկինում խթանող դոզան հնարավոր էր ստանալ Pfizer-ի և AstraZeneca-ի 2-րդ պատվաստումից հետո 5 ամսվա ընթացքում, իսկ Sinopharm և Sinovac պատվաստանյութերի դեպքում երկրորդ դեղաչափից 3 ամիս հետո, ապա այժմ խորհուրդն առաջարկում է՝ ցանկացած պատվաստանյութի դեպքում խթանիչ դոզան կատարել երրորդ ամսից։ 

«Խթանիչ չափաբաժնի մասին որոշումը դեկտեմբերի 24-ին կարտացոլվի նախարարի հրամանում, իսկ երկուշաբթի օրվանից արդեն հնարավոր կլինի պատվաստանյութը ստանալ երրորդ ամսից»,- ասել է Գաբունիան։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել էր, որ հնարավոր է AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի խթանիչ դոզաների միջև ինտերվալը ավելի կրճատվի։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր