Փաշինյանը հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ և հավելել, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Փաշինյանի խոսքով, դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն:

Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը: Վրաստանի պաշտպանության նախարարը հավելել է, որ տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը վերաբերող հարցեր: