Վրաստանի պաշտպանության նախարարը Երևանում հանդիպել է հայ գործընկերոջը

Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Երևանում հանդիպել է հայ գործընկերոջը՝ Սուրեն Պապիկյանին։

Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարները վերանայել են տարածաշրջանի անվտանգության միջավայրը. «Ջուանշեր Բուրճուլաձեն նշել է, որ խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակներում Վրաստանը պատրաստ է շարունակել խթանել խաղաղ գործընթացը տարածաշրջանում»։

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների ներկայիս և ապագա համագործակցության հարցերը։

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հարցեր։ Կողմերը միմյանց ներկայացրել են երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների մանրամասները։

Հանդիպումից հետո պաշտպանության նախարարները ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության ծրագիր։

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ստորագրումից հետո Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։