Փաշինյանն արտահանման ուղիների աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ՌԴ և Վրաստանի գործընկերներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահանման ուղիների բնականոն գործունեության հարցում պայմանավորվածությունները ճշգրիտ կյանքի կոչելու համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության իր գործընկերներին: Փաշինյանն այս մասին ասել է կառավարության հունիսի 27-ի նիստում, անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած մայիս ամսվա տնտեսական ցուցանիշներին:

«Մեր առևտրատնտեսական հիմնական գործընկերը շարունակում է մնալ, ինչպես և պետք էր կռահել, Եվրասիական տնտեսական միությունը, Ռուսաստանի Դաշնությունը, հաջորդ տեղում արդեն Եվրոպական Միության երկրներն են: Ես այս համատեքստում ուզում եմ արձանագրել, որ արտահանման ուղիների բնականոն գործունեության թեման մշտապես եղել է Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի ու Վրաստանի բարձրագույն պաշտոնյաների քննարկման օրակարգում: Ես այս հարցը քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ վերջին այցի ընթացքում մենք այս առումով կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, և նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բազմիցս քննարկումներ ենք ունեցել այս թեմայով: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի մեր գործընկերներին՝ այս հարցում մեր պայմանավորվածությունները ճշգրիտ կյանքի կոչելու համար»,- ասել է Փաշինյանը: