Փետրվարի 8-ին Կոբախիձեն կհաստատվի վարչապետի պաշտոնում

Նախատեսվում է փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանում հաստատել կառավարության նորացված կազմը, ինչը նշանակում է, որ վարչապետի պաշտոնում կհաստատվի նաև Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Փետրվարի 7-ին «Ազգային շարժում» խմբակցության եւ այլ քաղաքական խմբերի անդամներին կներկայացվի ապագա կառավարության ամբողջական կազմը։

Քվեարկության օրը՝ փետրվարի 8-ի առավոտյան, թեկնածուները կհանդիպեն խորհրդարանական մեծամասնության անդամներին։ Լիագումար նիստը կսկսվի ավելի ուշ՝ ժամը 12:00-ին, որտեղ կհնչեն ելույթներ, իսկ հետո խորհրդարանականները կքվեարկեն։

Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին հունվարի 29-ին հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից։ Ավելի վաղ ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի հիմնադիրներից Նիկա Գվարամիան հայտարարել էր սպասվող կադրային փոփոխությունների մասին։ Հրաժարականից մի քանի ժամ առաջ տեղեկությունը հաստատել էր նաև իշխանամետ «Իմեդի»-ն։

Դեկտեմբերի 30-ին, երբ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին երրորդ անգամ վերադարձավ քաղաքականություն, փոփոխություններ կատարվեցին «Վրացական երազանք» կուսակցության կանոնադրության մեջ։ Նա ընտրվել է պատվավոր նախագահի պաշտոնում, և հենց նրան է տրվել վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը։