Փոնիճալայի պայթյունից տուժածները մինչ օրս ժամանակավոր կացարաններում են

Թբիլիսիում Փոնիճալա արվարձանային թաղամասում անցյալ տարի նոյեմբերի 15-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 27 ընտանիք մինչ օրս ժամանակավոր կացարանում է:

«Ինտերպրեսնյուս» լրատվականը փոխանցում է, որ 90 հոգի վարձով է բնակվում,  Փոնիճալայում վերանորոգողական աշխատանքները շարունակվում են: Շենքն ունի ամրացման ու վերանորոգման կարիք:

Թբիլիսիի քաղաքապետարանի բարեկարգման ծառայության համաձայն, տեղում մինչ այս պահը մաքրման աշխատանքներ են իրականացվել:

Քաղաքապետարանից հայտնել են, որ սպասում են փորձաքննության պատասխանին, որը կհրապարակվի հունվարի վերջին: Դրանից հետո «Ջեի բի» կազմակերպությունը կսկսի  վերականգնողական աշխատանքները: Նախագիծն արժե մոտ 400 հազար լարի, աշխատանքները կտևեն 4 ամիս:

Հիշեցնենք՝ Փոնիճալայում թաղամասում բնական գազի պայթյունի հետևանքով բնակելի շենքի 3-րդ և 4-րդ հարկերը փլուզվել են. փլատակների տակից հայտնաբերվել են մոր և երեխայի դիերը: