Փորձագետը վերլուծում է Վրաստան-ԵՄ հարաբերությունների այս փուլը

Վրաստանը հիմա ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ամենակարևոր և միաժամանակ ամենապատասխանատու փուլերից մեկում է գտնվում։ Այս պահին Վրաստանին առաջադրանք է տրված կատարել 12 հանձնարարականները և դառնալ ԵՄ անդամության թեկնածու, որին կառավարությունը փորձում է խոչընդոտել, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նման եզրահանգում արեց Վրաստանի ռազմավարական/վերլուծաբանական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Գելա Վասաձեն։

Հարցին, թե որն է այս պահին Վրաստանի գլխավոր անելիքը, որ կետն է հատկապես կարևոր երկրի համար, Վասաձեն նշեց, որ կատարելապես կատարված չէ ոչ մի կետ, ուստի պետք է կատարվեն բոլոր հանձնարարականները․

Եթե վերցնենք ընդհանուր առմամբ, ապա Վրաստանը հայտ է ներկայացրել, որպեսզի ստանա ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և հիմա սպասում է պատասխանին։ Սակայն սպասելը բավական չէ, քանի որ պետք է լրջորեն մոտենալ 12 հանձնարարականների կատարմանը։

Չի կարելի ասել, թե 12 կետերից մեկն ավելի կարևոր է, մյուսը` պակաս կարևոր։ Սխալ կլինի ասել, թե չենք ուզում դատական բարեփոխում, արդար ընտրություններ, ազատ մեդիադաշտ, ուզում ենք ապրել օլիգարխիայի երկրում, բնավ՝ ո՛չ։ Մեզ համար խիստ կարևոր է բոլոր հանձնարարված կետերին առավելագույն ուշադրություն դարձնել։

Վասաձեի կարծիքով` այս պահը հատկապես վճռորոշ է Վրաստան-ԵՄ հարաբերությունների համար, քանի որ Վրաստանը գտնվում է մարտահրավորների առաջ և պարտավոր է պատվով հաղթահարել դրանք։

«Վերջին իրադարձություններն իրենց հետքը կթողնեն Վրաստանի եվրաինտեգրման հարցում, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը հիբրիդային պատերազմի միջոց գործածեց Վրաստանի դեմ, իսկ կառավարությունն այդ միջոցն ընդունեց։ Ճիշտն ասած` ոչ մի լավ բան չեմ տեսնում», — ասաց վերլուծաբանը։

Ամփոփելով ԵՄ անդամակցության թեման, Վասաձեն, այնուամենայնիվ, կարծում է, որ Վրաստանը, հավանաբար, դեկտեմբերին կստանա ԵՄ կարգավիճակը․

«Վրաստանը, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին կստանա իր ժողովրդի համար բաղձալի կարգավիճակը, չնայած իր կառավարությունն ամեն հնարավոր բան անում է դա կանխելու համար։ Կարծում եմ` կստանա այդ կարգավիճակը, սակայն դեռ բանակցությունները չեն սկսվի ԵՄ անդամ դառնալու համար, հետևաբար` կարգավիճակը կստանա առանց բանակցությունների»։

Հատկանշական է, որ Վրաստանի հասարակական կազմակերպությունները (ՀԿ) շարունակում են վերահսկել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու համար Եվրոպական հանձնաժողովի սահմանած 12 պայմանների կատարումը։ Ըստ նրանց՝ Վրաստանն այս փուլում կատարել է Եվրահանձնաժողովի 12 պայմաններից միայն մեկը։

«Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստանի» ղեկավարությամբ 8 կազմակերպություն պատրաստել է գնահատման փաստաթուղթ՝ կարգավիճակի չափիչ (ստատուսմետր), որն արտացոլում է մինչ 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում վրացական իշխանությունների այս ուղղությամբ ձեռքբերած առաջընթացը, ներկա իրավիճակը և ապագայի համար որոշած ​​քայլերը։

Եվրահանձնաժողովի 12 պայմաններից մեկն է կատարվել. ստատուսմետր