ՊՆ նախարարի կինը սկեսուրից 30 հազար դոլար է նվեր ստացել

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեի մայրը 2022 թվականին հարսին՝ Նինո Մխեիձեին 30 հազար դոլար է նվիրել: Նվերի մասին տեղեկությունը նախարարն ինքն է արտացոլել 2023 թվականի մայիսի 23-ին լրացված հայտարարագրում։

Նախորդ տարի Մխեիձեն սկեսուրից ավելի շատ գումար է ստացել, քան ամուսինն ու կինը վաստակել են ամբողջ տարվա ընթացքում. 2022 թվականին նախարարը որպես աշխատավարձ ստացել է 68 հազար 834 լարի, իսկ կինը՝ 1 532 լարի։

Իսկ ահա 2022 թվականին Բուրճուլաձեն ավելի քան 23 հազար դոլար է ներդրել երկու բանկում՝ հիփոթեքային վարկը փակելու համար։

Նշենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը 1 դոլարի արժեքը տատանվել է 2,67 լարիից մինչև 3,4 լարի։ Ըստ այդմ՝ պարզվում է, որ ՊՆ նախարարի ընտանիքը մորից նվեր է ստացել առնվազն 80 հազար, առավելագույնը՝ 102 հազար լարի։

Ի դեպ, ՊՆ նախարարն ունի 8 երեխա: Նրանցից հինգի մասին տվյալները ներառված են հայտարարագրում, որոնցից մեկին տատիկը ֆինանսավորել է 5 000 լարիով։

Ուշագրավ է նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ երկրի բարձրագույն պաշտոնյաներն իրենց ունեցվածքի հայտարարագրերում նշում են, որ բազմահազարանոց նվեր են ստացել ծնողից կամ ամուսնու ծնողից։ Օրինակ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2022 թվականի հոկտեմբերի 29-ին ներկայացրած իր ունեցվածքի հայտարարագրում գրել է, որ 2021 թվականին ծնողներից նվեր է ստացել 150 հազար լարի։