ՌԴ նախագահի նախկին թեկնածու Քսենյա Սոբչակը ժամանել է Թբիլիսի

Ռուս լրագրող, քաղաքացիական ակտիվիստ, 2018 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը ժամանել է Թբիլիսի:

«Ֆորմուլա» հեռուստաընկերությանը Սոբչակը հայտնել է, որ մասնավոր այցով է գտնվում Վրաստանում։

Սոբչակը Վրաստան մուտք գործելիս ոչ մի խնդիր չի ունեցել, ինչպես հաճախ պատահում է Ռուսաստանից Վրաստան այցելող ընդդիմադիր ակտիվիստների ու լրագրողների դեպքում։

«Ես սիրում եմ Թբիլիսին։ Բավականին հաճախ եմ գալիս այստեղ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիների Վրաստան մուտք գործելու մերժմանը, ապա տեղյակ եմ, որ իմ որոշ գործընկերների թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Չգիտեմ, թե ինչու են նրանց մերժում։ Վրաստանը ինքնիշխան երկիր է: Նման որոշում կայացնելը ցանկացած երկրի իրավունքն է։ Սահմանին ինքս ոչ մի խնդիր չեմ ունեցել»,- ասել է Սոբչակը։

Ի դեպ, առկա տեղեկությունների համաձայն՝ Վրաստանը խստացրել է սահմանային հսկողությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ։