Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Վրաստան

«Հավանաբար, մայիս ամսվա ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը Վրաստան կայցելի», — խոսելով վրաց-թուրքական հարաբերությունների մասին, այսօր հայտարարել է Թուրքիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Ջանջղավան:

«Մի քանի շաբաթ առաջ կայացավ վարչապետ Գիորգի Գախարիայի այցը Անկարա, ինչից հետո 14-ամյա դադարից հետո առաջին անգամ տեղի ունեցավ նաև տնտեսական հանձնաժողովի նիստը: Այս այցին հաջորդեց Գախարիայի մասնակցությունը TANAP-ի (Տրանսանատոլիական գազատարի) բացման արարողությանը: Մենք բանակցել ենք թուրքական կողմի հետ, որ, հավանաբար, փետրվարին Անկարայում կկայանա ռազմավարական հանձնաժողովի նիստ, ինչից հետո մայիսին հնարավոր է Թուրքիայի նախագահն այցելի Վրաստան»,- ասել է դեսպանը:

Ջանջղավան խոսել է նաև հնարավոր նոր նախագծերի մասին՝ նշելով, որ գլխավոր նպատակը առևտրաշրջանառության աճն է մինչև 3 մլրդ դոլարի սահմանը, սրա հետ մեկտեղ Վրաստանից արտահանման ծավալների աճ ապահովելը: