Վրաց-թուրքական ռազմավարական հարաբերությունների խորացումը ողջունում ենք. Գախարիա

«Մենք գնահատում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները և ողջունում երկուստեք ռազմավարական հարաբերությունների խորացումը», — Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Հիշեցնենք՝ Թբիլիսիում այսօր կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների թվով 8-րդ հանդիպումը, որի ընթացքում տարբեր ոլորտներում համագործակցությունն է քննարկվել:

Կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում ընդգծվել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող եռակողմ ձևաչափի կարևորությունը:

Վրաստանի վարչապետի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հանդիպման ընթացքում շեշտը դրվել է երկու երկրների միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստին վերաբերող հարցերի վրա, որը ծրագրվում է անցկացնել եկող տարվա ընթացքում, Անկարայում:

Կողմերը զրուցել են նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում իրականացվող համատեղ նախագծերի, այդ թվում «Հարավային գազային միջանցքի» մասին, որի մի մասի՝ Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունը կայացել է մոտ մեկ ամիս առաջ: Քննարկվել է նաև ընթացքում գտնվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հարցը: