Իրակլի Կոբախիձեն և Մակա Բոճորիշվիլին 2026 թվականի մայիսի 7-ին Թբիլիսիի կառավարության շենքում հյուրընկալել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա Սոնատա Քոլթերին։
Պաշտոնական Թբիլիսին մի քանի շաբաթ էր, ինչ հայտարարում էր Պետդեպարտամենտի ներկայացուցիչների այցի մասին։ Մակա Բոճորիշվիլիի խոսքով՝ նրանք ամսվա վերջին կրկին ԱՄՆ-ից պատվիրակության են սպասում։
Կառավարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության և լուսանկարների համաձայն՝ Սոնատա Քոլթերի հետ հանդիպմանը վրացական կողմը ներկայացրել են վարչապետ Իրակլի Կոբախիձեն, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված է.
«Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քոլթերին։ Վարչապետը վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ վերսկսելու երկկողմ հարաբերությունները, թարմացնելու ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից որոշակի ուղիներով` շոշափելի արդյունքների հասնելու նպատակով»։