Մայիսի 4-ին և 5-ին աշխարհի ուշադրության կենտրոնում էր Հայաստանը, որտեղ հավաքվել էին աշխարհի ավելի քան 40 երկրների առաջնորդներ։
Միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ձեռք բերեց այն հանգամանքի բերումով, որ նման մասշտաբի և մակարդակի գագաթնաժողով Հարավային Կովկասում նախկինում երբևէ չէր անցկացվել։
Մայիսի 4-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում ընթացավ «Եվրոպական քաղաքական համայնքի» (EPC) գագաթնաժողովը, որին ներկա էին Եվրամիության, անդամ երկրների, տարածաշրջանի պետությունների, նաև Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդները:
Այս ձևաչափը ստեղծվել է Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո, և Հայաստանը հյուրընկալեց դրա ութերորդ գագաթնաժողովը: Գագաթնաժողովի համանախագահներն էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
Միջոցառման կարգախոսն էր՝ «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում», որն անցկացվել է Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Երկօրյա միջոցառումների շրջանակում Հայաստանը մի շարք կարևոր համաձայնագրեր է ստորագրել և ամրապնդել իր դիրքերը՝ որպես Կովկասի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ունեցող, եվրոպական ընտրության պաշտպան երկիր։
Երկուշաբթի առավոտն սկսվեց Հայաստանի և Բելգիայի առաջնորդների հանդիպմամբ։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ Բարտ դե Վիվերի հետ միասին Երևանում բացեց Բելգիայի Թագավորության դեսպանատունը։ Ելույթի ժամանակ կողմերը հույս հայտնեցին, որ այս դիվանագիտական քայլը կնպաստի երկու երկրների մերձեցմանը և հիմք կդառնա Կովկասի տարածաշրջանի հետ Բելգիայի մերձեցման համար։
Դեսպանատան բացումից հետո Նիկոլ Փաշինյանը տեղափոխվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ հանդիպումներ կայացան աշխարհի տարբեր առաջնորդների հետ։ Գագաթնաժողովին մասնակցեցին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրոպական խորհրդի փոխնախագահ Կայա Կալասը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Լեհաստանի առաջնորդ Դոնալդ Տուսկը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Ռումինիայի, Իսպանիայի, Վրաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ալբանիայի, Պորտուգալիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Մոլդովայի և բազմաթիվ այլ եվրոպական պետությունների առաջնորդներ։ Հատկանշական է, որ միջոցառմանը ներկա էր նաև Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։
Պատմական նշանակության միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում խոսեցին բազմաթիվ աշխարհաքաղաքական հարցերի մասին, այդ թվում՝ Եվրոպայի ապագայի, դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության և անվտանգության տեսանկյունից դիրքերի ամրապնդման մասին։
Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծեց EPC-ի 8-րդ գագաթնաժողովի պատմական բնույթը, ողջունեց համաշխարհային առաջնորդների լայն շրջանակը և հույս հայտնեց, որ ընդունված կոլեկտիվ որոշումները հիմք կդնեն երկարատև միջազգային կայունության համար։ Փաշինյանը նաև նշեց, որ առկա աշխարհաքաղաքական լանդշաֆտը պահանջում է «ամբողջական Եվրոպայի» պատասխանն այն մարտահրավերներին, որոնք կանգ չեն առնում Եվրամիության սահմանների մոտ։
Փաշինյանն ընդգծել է, որ աշխարհի առաջնորդներին անհրաժեշտ է 360 աստիճան անվտանգության ռազմավարություն՝ այնպիսին, որը կչեզոքացնի բոլոր կողմերից եկող հնարավոր սպառնալիքները։ Նա խոսել է նաև ավելի ինքնավար Եվրոպայի կարևորության մասին և ասել, որ մայրցամաքն ունակ է գործել անկախ։
Միջոցառման առանձնահատուկ հատվածը Իլհամ Ալիևի ելույթն էր տեսակապի միջոցով։ Ադրբեջանի նախագահը երախտագիտություն հայտնեց գագաթնաժողովին հրավիրվելու համար և ընդգծեց Ադրբեջանի ու Հայաստանի միջև դիրքորոշումների մերձեցումը։ Նա նշեց, որ երկու ազգերն արդեն ինն ամիս է՝ ապրում են դե ֆակտո խաղաղության պայմաններում, և սկսվել են գործնական առևտրային հարաբերություններ, այդ թվում՝ ադրբեջանական նավթամթերք է արտահանվել Հայաստան։
Այդ օրերին Հայաստանի մայրաքաղաք էր ժամանել նաև «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ «Վրացական երազանք»-ի կառավարության այլ անդամների հետ միասին։
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ Վրաստանը մեծ նշանակություն ունի Եվրոպայի համար որպես տարանցիկ հանգույց։ Այս տեսակետը նա հայտնել էր հենց Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։
Վարչապետի խոսքով՝ Անդրկովկասի և ընդհանրապես Վրաստանի դերը բացառիկ է. Վրաստանը յոթ երկիր է կապում Սև ծովի հետ տնտեսական և առևտրային տեսանկյունից, և գագաթնաժողովի շրջանակներում կխոսվի հենց այդ հարցերի շուրջ։
«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցում եմ հինգերորդ անգամ։ Կլոր սեղանի ձևաչափում հնարավորություն կունենամ դիմելու եվրոպացի առաջնորդներին, նաև կօգտագործենք այս միջոցառումը երկկողմ հանդիպումների համար։ Ընդհանրապես, Անդրկովկասի և Վրաստանի դերը բացառիկ է։ Մենք յոթ երկիր կապում ենք Սև ծովի և, համապատասխանաբար, Արևմուտքի հետ՝ տնտեսական ու առևտրային տեսանկյունից, և, բնականաբար, դրա մասին կունենանք ակտիվ խոսակցություն։ Վրաստանը շատ մեծ նշանակություն ունի Եվրոպայի համար որպես տարանցիկ հանգույց»,- ասել էր Իրակլի Կոբախիձեն։
Գագաթնաժողովի ընթացքում Վրաստանի վարչապետն ու կառավարության անդամները անցկացրել են մի շարք բանակցություններ, որոնք ուղղված էին ինչպես տարածաշրջանային հարաբերություններին, այնպես էլ եվրոպական օրակարգին։
Այդ թվում, օրինակ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Եվրոպական քաղաքական միության 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Հանդիպումը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, և քննարկումը վերաբերել է երկու երկրների միջև հարաբերություններին։
Գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հանդիպել էր Վրաստանի ԱԳ նախարար և փոխվարչապետ Մակա Բոճորիշվիլիին։ Քննարկվել էին եվրոպական ինտեգրումը և Եվրամիության կարևոր դերը գլոբալ գործերում։ Հատուկ ուշադրություն էր դարձվել երկկողմ շահավետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։
Իրակլի Կոբախիձեն հանդիպել էր նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։
Հանդիպմանը ուշադրություն էր դարձվել Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ համագործակցությանը։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում փորձագետները մտահոգություն հայտնեցին, որ Վրաստանը հայտնվել է «միջազգային ռադարներից դուրս»։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին հույս հայտնեց, որ այս գագաթնաժողովը կարևոր շարունակություն կունենա.
«Այս գագաթնաժողովը եզակի է և պատմական: Հուսով եմ՝ այս ֆորումը կարևոր շարունակություն կունենա: Ցավոք, Վրաստանն այնքան է մեկուսացել Եվրոպայից, որ հետ է մնացել բոլոր գործընթացներից և անհետացել է միջազգային ռադարներից: Դեռ ոչինչ չի փոխվել, սակայն Ուկրաինայի նախաձեռնությունը՝ զրուցել Վրաստանի ներկայացուցչի հետ, ինձ հույս է ներշնչում, որ սա միանգամյա գործողություն չի լինի, և այս գագաթնաժողովի գաղափարները կշարունակվեն տարբեր հարթություններում»,- ընդգծեց նա։
Գագաթնաժողովի կարևորության մասին խոսեց նաև քաղաքական նախաձեռնություն «Նախ և առաջ Վրաստան»-ի անդամ Գիորգի Թումասյանը։ Նրա խոսքով, այս ֆորումը հատկանշական ներդրում ունեցավ Հայաստանի զարգացման և հետագա ներդրումների առումով.
«Տարածաշրջանում աճեց Եվրոպական ուշադրությունը Հարավային կովկասի ուղղությամբ. Վրաստանի մասնակցությունը հասկանալիորեն սահմանափակ նշանակություն ուներ` հաշվի առնելով գործող իշխանությունների հակաեվրոպական հռետորաբանությունը, և դրա արտացոլումը մենք ի վերջո տեսանք»,- ասաց Թումասյանը` նույնպես դրական գնահատելով Ուկրաինայի նախագահի հետ կարճատև զրույցը։
Չնայած, ըստ Թումասյանի, ցավոք, «Վրացական երազանք»-ից ակնկալիքներ չկան։ «Միջոցառմանը նաև մասնակցել են «Նախ և առաջ Վրաստան» թիմի անդամները, որոնք ևս փորձել են բարձրաձայնել Վրաստանի շահերը»,- հավելեց նա։
Երևանում կայացած զրույցի մանրամասները կողմերից ոչ մեկը չի հանրայնացրել, և չեն հստակեցրել նաև, թե քանի րոպե է տևել հաղորդակցությունը։ Նրանց զրույցի մասին գրել է նաև Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նա ակնարկում է մի վարկածի մասին, թե Ուկրաինայի նկատմամբ դիրքորոշումների վերանայումը, Հունգարիայից հետո, հնարավոր է կապված լինի «Ռուսաստանի թուլացման» հետ։
«Ընդհանուր առմամբ, պետք է ուշադրություն դարձնենք նաև հետևյալին. եթե Վրաստանը երկու տարի առաջ չհրաժարվեր տարածաշրջանում Եվրոպայի և Արևմուտքի հուսալի գործընկերոջ դերից, ապա մեկից ավելի առաջնորդներ՝ Երևան գնալու ճանապարհին կամ վերադառնալիս, գոնե մի քանի ժամով կկանգնեին նաև Թբիլիսիում։ Եվ առհասարակ, եթե մենք թիկունք չդարձնեինք մեր Սահմանադրությամբ սահմանված եվրաինտեգրման կուրսին, ապա հենց Թբիլիսիում կանցկացվեր այս կարևոր համաեվրոպական համաժողովը։
Հենց այն փաստը, որ ռեժիմը ստիպված է իրեն դուրեկան ներկայացնել իր մի քանի մնացած ընտրողներին՝ ամեն օր հայհոյվող Եվրոպայի և Ուկրաինայի առաջնորդների հետ արված կադրերով, շատ ավելին է ասում, քան ցանկացած մեկնաբանություն»,- գրել է Զուրաբիշվիլին։
Նախկին դիվանագետ և պետական գործիչ Դավիթ Չխեիձեի կարծիքով՝ «Եվրոպական քաղաքականության գագաթնաժողովը Երևանում հաստատումն է այն բանի, որ Կովկասը եվրոպական տարածք է, և Վրաստանի ռեժիմը ժամանակավոր երևույթ է, և այդ ռեժիմը պետք է տապալվի»։
Ավելին՝ ստորև.
Ուկրաինայի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Երևանում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին