Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 22

Վրաստանի ազգային ուսումնական պլանում փոփոխություն է կատարվել, ըստ որի` դպրոցը պարտավոր է տնային ուսուցման ռեժիմ տեղափոխել այն աշակերտներին, որոնք բժշկական տեղեկանքի հիման վրա բուժման կարիք ունեն մեկ ամսից ավելի ժամկետով և, առողջական վիճակով պայմանավորված` պատկանում են ռիսկային խմբին:

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները կեղծ փողերի շրջանառության մեղադրանքով մեկ անձի են ձերբակալել։

Հացթուխների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեն հայտնել է, որ սեպտեմբերի 22-ից հաց արտադրող «Իփքլի Դիղոմի» գործարանը 10 թեթրիով կիջեցնի չորս տեսակի հացի գինը. նույն չափով հացը էժանացնելու է նաև «Թեմկա պուրի» գործարանը։

2022 թվականի օգոստոս ամսվա տվյալներով՝ Թբիլիսիում բնակարանների վարձավճարը տարեկան աճել է 79 տոկոսով, իսկ բնակարանների վաճառքի գինը՝ 27 տոկոսով։

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը Վրաստանի պաշտպանության ուժերին 11,5 մլն դոլարի տեխնիկա է փոխանցել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմամբ՝ 2019 թվականի նոյեմբերին պետությունը չի խախտել Մարդու իրավունքների կոնվենցիայի ոչ մի հոդված «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժման առաջնորդներ Գիգա Մաքարաշվիլիի և Զուկա Բերձենիշվիլիի ձերբակալության գործով, միայն մեկ ցուցարարի՝ Իրակլի Կաճարավայի նկատմամբ է երկու հոդված խախտվել։

Վրաստանի ամենաազդեցիկ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից ոմանք քննադատում են կուսակցության նախագահ Նիկա Մելիային՝ Դավիթ Կեզերաշվիլիի դեմ արած հայտարարության համար։

Վրաց-ռուսական ցամաքային սահմանին՝ Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում մեծ հերթ է գոյացել։ Այդ իրավիճակի մասին պատմում են Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք կարողացել են հատել սահմանը։

Չնայած Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը աբխազների մոբիլիզացիայի մասին սոցցանցերում տարածված լուրերը սուտ է որակել, Աբխազիայի դե ֆակտո զինկոմ Բեսլան Տարբան Sputnik-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահի հայտարարած մասնակի զորահավաքը վերաբերում է նաև աբխազներին, քանի որ բնակչության ավելի քան 90 տոկոսն ունի Ռուսաստանի քաղաքացիություն։

Ռուսաստանում երեկ հայտարարված մասնակի զորահավաքից հետո երկրում բողոքի զանգվածային ցույցեր են ծավալվել. քաղաքացիները փորձում են լքել երկիրը:

Biletebi.ge հարթակի փոխանցմամբ՝ փետրվարի 11-ին Թբիլիսիի համերգասրահում տեղի կունենա ռուս կատակերգու և շոումեն Մաքսիմ Գալկինի ելույթը։

Եվ վերջում՝ մինչև սեպտեմբերի 26-ը Արևմտյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 24-ի ցերեկը կլինի +20, +25 աստիճանի սահմաններում, իսկ սեպտեմբերի 24-25-ը կնվազի մինչև +17, +22 աստիճան: