Խորհրդարանն աջակցեց Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցեց 40 հազար լարի գույքահարկի շեմը վերացնելու նախաձեռնությանը։ Օրինագիծը քննարկվում է արագացված կարգով, որի շրջանակներում նախատեսվում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ, ըստ որոնց` գույքահարկ կվճարեն 100 հազար լարիից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։

Օրինագիծն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից և կվերաբերի գույքահարկին, որը հայտարարագրելու պարտավորությունը ֆիզիկական անձը պետք է ներկայացնի մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը՝ հիմնվելով 2025 թվականի և հետագա հարկային ժամանակաշրջանների տվյալների վրա։

Այսօր գործող կարգավորման համաձայն՝ մինչև 40 հազար լարի եկամուտ ունեցող ընտանիքներն ազատված են գույքահարկից։ 40 հազարից մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող ընտանիքների համար հարկի դրույքաչափը տատանվում է 0․05%-ից 0․2%-ի սահմաններում, իսկ 100 հազար  լարիից ավելի եկամուտ ունեցող ընտանիքների համար՝ 0․08%-ից 1%-ի սահմաններում։ Խորհրդարան ներկայացված օրինագծի համաձայն՝ 40 հազար լարիի եկամտի շեմը չեղարկվում է և սահմանվում է 100 հազար լարիի շեմ։ Օրենքի նախագիծը նախաձեռնել են «Վրացական երազանք»-ի պատգամավորները։