Ռիչարդ Ասատուրովը «Վրաստանի երիտասարդ ստոմատոլոգների լիգա»-ի ղեկավարներից է

«Վրաստանի երիտասարդ ստոմատոլոգների լիգա»-ն շուտով՝ հուլիսի 1-ին կանցկացնի իր առաջին լայնածավալ համաժողովը։ Լիգայի ղեկավարներից մեկը հայազգի երիտասարդ Ռիչարդ Ասատուրովն է։

«Երիտասարդ ստոմատոլոգների լիգա»-ն արդեն մեկից ավելի ծրագիր է իրականացրել, իսկ հուլիսի 1-ին Շուագուլիում կայանալու է մեր լիգայի առաջին լայնածավալ համաժողովը «Հաջողակ ստոմատոլոգիա. ճանապարհ սխալներից և բարդություններից դեպի ցանկալի արդյունք» թեմայով», պատմում է Ասատուրովը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում։

Ռիչարդ Ասատուրովը 22 տարեկան է: Ծնվել և ապրում է Թբիլիսիում, Թբիլիսիի պետական ​​համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող է։ Լիգայում ծավալած գործունեությունից բացի, ինչպես ինքն է նշում՝ Թբիլիսիի ամենահաջողակ ատամնաբուժական կլինիկաներից մեկում՝ «Դենս»-ում, օգնական է աշխատում։

«Մարդկանց մեծամասնությունը մանկուց որոշակի պատկերացում է կազմում ապագա մասնագիտության մասին, ես ևս այդ երջանիկներից մեկն եմ, ով ի սկզբանե դրական պատկերացում ուներ ստոմատոլոգիայի մասին։

Ես դեռ 9-րդ դասարանում էի, երբ համացանցում պատահաբար տեսա օրթոդոնտիկ բրեկետների բուժման տեսահոլովակը. ճիշտն ասած, ես դեռ չգիտեի, թե ինչն է ինձ գրավում` բուն գործընթացը դիտելու ընթացքը թե արդյունքը (բուժում), թեև ժամանակի ընթացքում ավելի պարզ դարձավ, թե ինչու այս ամենն այդ ժամանակ հետաքրքրեց ինձ»,- իր մասնագիտության ընտրության ազդակների մասին այսպես մանրամասնեց Ասատուրովը։

Ապագա ատամնաբույժը նշում է՝ ինձ համար ատամնաբուժությունն արվեստի և գիտության սինթեզ է, որն անմիջական կապ ունի մարդու ֆիզիկական և մտավոր բարեկեցության հետ։

Այն հարցին, թե որտեղ է տեսնում իր ապագա ատամնաբուժական գորիծունեությունը, Ռիչարդը պատասխանեց․

«Այդ հարցին շատ դժվար է պատասխանել, սակայն պարզ է, որ մասնագիտական ​​գործունեությունը չի կարող մշտապես իրականացվել մեկ երկրի շրջանակներում, քանի որ, առօրյա գործերից բացի, կան լրացուցիչ գործողություններ, որոնք պահանջում են ժամանակավորապես հեռանալ երկրից (օրինակ՝ կոնֆերանսներ, վարպետության դասեր, սեմինարներ և այլն), սակայն դեռևս իմ պլանները կապված են Վրաստանի հետ։

Ինչպես բոլոր ուսանողները, իմ հիմնական նպատակներից է ստանալ առավելագույն գիտելիքներ և հաջողությամբ ավարտել համալսարանը. նախ՝ բակալավրիատը, ապա ասպիրանտուրան և օրդինատուրան»։

Ուսանողն իր հաջողության գրավականն է համարում երկու կարևոր գործոն՝ աշխատասիրություն ու համբերություն․ «Ուստի խորհուրդ կտամ էլ ավելի զարգացնել այս երկու հատկությունը, քանի որ շատերը կասկածի տակ են դնում իրենց ունակությունները մշակութային շոկի և նոր միջավայրի ազդեցության տակ։ Խորհուրդ եմ տալիս հնարավորինս ներգրավված լինել տարբեր ոլորտներում և չծուլանալ որևէ ուղղությունից նոր տեղեկատվություն ստանալու (տեսական և գործնական ձևով) առումով և, իհարկե, անընդհատ ​​ընդլայնել իմացության դաշտը, առանց որի մեր ոլորտում աշխատանքը գործնականում անհնար է»։