«Ռուսական օրենքը» նախաձեռնելուց հետո իշխող ուժին 200 հազար լարի են նվիրաբերել

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով, «գործակալների օրենքի» գովազդային արշավը ֆինանսավորվել է «Վրացական երազանքի» դոնորների կողմից, իսկ երիտասարդական թևը փողոցներում պաստառներ է փակցրել։

Պաստառային արշավի ծախսերը, որով «Վրացական երազանքը» փորձում է բնակչությանը համոզել, որ նախաձեռնված օրենքի նախագիծը «ռուսական չէ», անհայտ են։

«Կոնկրետ մարդ է նվիրաբերել: Այս պաստառները փակցվել են երիտասարդական կազմակերպության կողմից։ Եթե ​​հավելյալ մանրամասներ են անհրաժեշտ, մենք կտրամադրենք»,- Վրաստանի խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Մամուկա Մդինարաձեն՝ պնդելով, թե վրացական ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսները թափանցիկ չեն։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար Մամուկա Մդինարաձեի՝ «գործակալների մասին օրենքը» կրկին ներկայացնելու մասին հայտարարությունից հետո գործարարներն առնվազն 200 հազար լարի են նվիրաբերել «Վրացական երազանքին», գրել է վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցը:

Վրաստանի օրենսդրության համաձայն, բոլոր քաղաքական կուսակցությունները պարտավոր են 5 օրվա ընթացքում դոնորի մասին տեղեկատվությունը ներկայացնել հակակոռուպցիոն բյուրո։ Ըստ այդմ, դրանցից մի քանիսի մասին արդեն իսկ հրապարակվել է տեղեկություն։

Ապրիլի 4-ին օրենքով նախատեսված առավելագույն 60 հազար լարի գումար իշխող կուսակցությանը մեկը մյուսի հետևից նվիրաբերել են Գիորգի Գոգոլաձեն, Նուգզար Սարալիձեն, Ադելաիդա Նանիկաշվիլին, իսկ ապրիլի 5-ին՝ Միխեիլ Բուզալաձեն՝ 20 հազար լարի։ Նրանցից ոչ մեկը չի հաստատել, որ ֆինանսավորել է «գործակալների օրենքի» գովազդային արշավը։

Նուգզար Սարալիձեն բաժնետոմսեր ունի վեց ընկերություններում, տնօրինում է չորսը։ Ադելաիդա Նանիկաշվիլին չորս ընկերություններում բաժնետոմսեր ունի, տնօրեն է երեք ընկերությունում: Գիորգի Գոգոլաձեն երեք ընկերություններում բաժնետեր է, չորսում տնօրեն։ Ի տարբերություն մյուս երեքի՝ Միխեիլ Բուզալաձեն համեմատաբար համեստ գումար է նվիրաբերել իշխող կուսակցությանը։ Նա չորս ընկերությունների տնօրեն է և երկուսի բաժնետեր:

Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տվյալների համաձայն, նրանցից ոչ ոք նախկինում ոչ մի կուսակցության գումար չի նվիրաբերել։

2024 թվականի հունվարի 1-ից ապրիլի 5-ը իշխող կուսակցությունը նվիրատվության տեսքով ստացել է ընդհանուր առմամբ 657 հազար լարի, որից «գործակալների մասին» օրենքի վերսկսումից հետո այս գումարի 30 տոկոսը՝ 200 հազար լարի:

Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքները