Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն նվիրատվությունների քանակով երկրորդ տեղում է. TI

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) տվյալներով՝ 2022 թվականի վերջին 3 ամսում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հետո ամենաշատ գումարը նվիրաբերվել է հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությանը, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ:

ՀԿ-ի տվյալներով՝ «Պահպանողական շարժումը» առաջ է անցել ընդդիմադիր «Լելոյից», «Եվրոպական Վրաստանից», հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը նրա նվիրատվությունները գրեթե 42 անգամ գերազանցում են ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նվիրատվություններին։

Ըստ TI-ի՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը բոլոր կուսակցություններն, ընդհանուր առմամբ, ստացել են 742 հազար 230 լարիի նվիրատվություն, որից 50 տոկոսը բաժին է հասել իշխող կուսակցությանը։

Իսկ ահա նշված ժամանակահատվածում դոնորների թվով

  • առաջին տեղում է «Պահպանողական շարժումը»՝ 168 դոնոր,
  • երկրորդ տեղում է «Լելոն»՝ 14 դոնոր,
  • երրորդում՝ «Եվրոպական Վրաստանն» է՝ 13 դոնոր,
  • չորրորդում՝ «Ժողովրդի համար» և «Միացյալ ազգային շարժումը»՝ 12-ական դոնոր,
  • հինգերորդը՝ «Վրացական երազանք»` 11 դոնոր: