Ռուսաստանը սադրանքի միջոցով Վրաստանի կառավարությունից չեզոքություն կպահանջի․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է, թե ինքը տեղեկություն է ստացել տարբեր երկրների դիվանագիտական ​​ծառայություններից և «այդ թվում լուրջ երկրի հատուկ ծառայություններից», որ Ռուսաստանը սադրանք է պատրաստում Վրաստանի օկուպացված տարածքներում, որպեսզի Վրաստանի կառավարությունից պահանջի չեզոքություն  հայտարարել։ 

«Խոսքը մեր օկուպացված տարածքների ներսում և բաժանարար գծի երկայնքով սադրանքների ծրագրի մասին է, որից հետո այդ սադրանքի մեղքը կգցվի վրացական ընդդիմադիր խմբավորումների վրա, իսկ Ռուսաստանի կառավարությունն անհապաղ չեզոքություն կպահանջի, Վրաստանի կառավարությունն էլ պատրաստ կլինի չեզոքություն հայտարարել»,- ասել է Սաակաշվիլին։ 

Ըստ Սաակաշվիլիի՝ Վրաստանը չպետք է խաբվի այս սադրանքին, և ոչ մի կոչ չպետք է արվի.

«Գիտեք, որ Ուկրաինայի չեզոքության մասին նույնպես խոսում են, բայց ուկրաինական չեզոքությունը բոլորովին այլ բան է։ Սա լավ զինված Ուկրաինա է, անվտանգության երաշխիքներ ունի ԱՄՆ-ից։ Մեզ համար չեզոքությունը վրացական պետականության վերացումն է»։

Սաակաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանը «պարտված է» Ուկրաինայի հետ պատերազմում, և, իհարկե, պետք է «որևէ տեղ իր ուշադրությունը փոխի», իսկ Վրաստանը «ամենաթույլ օղակն» է։ 

Սաակաշվիլին Վրաստանի կառավարությանը կոչ է արել այցելել Ուկրաինա։