Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերանայելու անհրաժեշտություն չկա

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին անդրադառնալով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի բարձրացրած թեմային՝ ասել է, որ այսօր Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերանայելու անհրաժեշտություն չկա։

Զուրաբիշվիլին այսօր Մոլդովայի նախագահի հետ հանդիպմանը չի բացառել, որ Վրաստանը հնարավոր է վերանայի Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի պայմանները, միևնույն ժամանակ ասելով, որ նման որոշում պետք է իշխանությունները կայացնեն։

Խուցիշվիլին նշել է, եթե այնպիսի պահ գա, որ երկրում առկա վերահսկողական մեխանիզմները չկարողանան ապահովել անվտանգության առումով պահանջվող չափանիշը, այդ հարցը կարող է քննարկվել։

«Այսօրվա գործող վերահսկողական մեխանիզմները լիովին արձագանքում են երկրի առջև ծառացած մարտահրավերներին, հետևաբար, այս փուլում ես անձամբ այդ անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- ասել է Խուցիշվիլին: