Զուրաբիշվիլին չի բացառում ռուսների համար վիզային ռեժիմ սահմանելը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի բացառում, որ Վրաստանը հնարավոր է վերանայի Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի պայմանները, այս մասին նախագահը հայտարարել է Մոլդովա կատարած այցի շրջանակներում։

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Վրաստան մուտքը  մարտահրավեր է՝ ընդգծելով նաև, որ նման որոշումը պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը։

«Սա իսկապես մարտահրավեր է։ Նրանց թվում կան Վրաստանի նախկին քաղաքացիներ, ովքեր Վրաստան են գալիս Ռուսաստանում ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն, կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր Վրաստան են գալիս տարբեր պատճառներով։

Այստեղ գլխավորն այն է, որ հասարակությունը վստահ լինի, որ բոլոր վերահսկողական մեխանիզմները կիրառվում են, որպեսզի վտանգ չառաջանա»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի ընդդիմությունը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից, ինչպես նաև ՌԴ-ում հայտարարված զորահավաքից հետո ռուսաստանցիների մեծ հոսքի պատճառով իշխանություններից պահանջում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել։

Պահանջում են վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար