«Ռուսաստանի միջամտությունը Վրաստանի ներքին քաղաքականությանը». Վրացական արձագանքը

Նախօրեին՝ օգոստոսի 24-ին, ռուսական  «Դոսյե» կենտրոնի ձեռքում հայտնված փաստաթղթեր են հրապարակվել, ըստ որոնց՝ Ռուսաստանը միջամտում է Վրաստանի քաղաքականությանը: Փաստաթղթերի ցանկում են  եղել վերլուծական հաշվետվություններ, նախընտրական մեթոդներ, գործողությունների զեկույցներ, որոնք վկայում են, որ Ռուսաստանից Վրաստանում ֆինանսավորվել է «Հայրենասերների դաշինք կուսակցությունը»:

Սկանդալային փաստաթղթերի հրապարակմանը Վրաստանում ներքաղաքական աղմուկ հետևեց: Ռուսաստանից ֆինանսավորվելու մեղադրանքով ընդդիմադիր կուսակցությունները կոչ են անում «Հայրենասերների դաշինք» կուսակցությանը զրկել գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունքից: Խոսքը 8 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման մասին է:

«Այս անգամ թեման վերաբերում է Վրաստանի հոկտեմբերին պլանավորված ընտրություններին: Ինչպես պարզվում է փաստաթղթից,  Կրեմլը խաղադրույքը դնում է Իրմա Ինաշվիլիի և Թարխան-Մոուրավիի վրա (կուսակցության հիմնադիրներն են խմբ.), որոնք ակտիվորեն քննադատում են ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն: Արդեն կազմված է բազմամիլիոնանոց նախընտրական բյուջե և մոնտաժված է կուսակցության նախընտրական տեսանյութը: Կուսակցության պոպուլարիզացիայով զբաղվելու է քաղաքական փորձագետ Սերգեյ Միխեևը և POLITSECRETS մոսկովյան կազմակերպությունը»,- նշված է «Դոսյեի» հրապարակած նյութում:

Միխեևը հայտնի է՝ որպես Կրեմլի հետ ասոցացվող կերպար, ով իրեն քաղաքագետ է անվանում: Նա իշխանական մամուլում քարոզչական նյութերի վրա էր աշխատում: «Դոսյեի» տեղեկությամբ` հենց նա է դիմել Ռուսաստանի նախագահի վարչակազմին՝ 700 000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել աշխատակազմ վարձելու նպատակով: «Դոսյեն» հրապարակել է նաև այս ամենը հաստատող լուսանկարներ:

Ըստ «Դոսյեի»՝ պահանջը բավարարվել է, քանի որ հետագայում կուսակցության նախընտրական 4 ամիս տևող քարոզարշավի համար առանձնացվել է 8 մլն ԱՄՆ դոլար:

Մինչ «Դոսյեի» սկանդալային հետաքննության հրապարակոմը, հանրությունը բազմիցս հարցականի տակ է դրել «Հայրենասերների դաշինքի» կապը Ռուսաստանի հետ: Օրինակ, վերջերս Ինաշվիլիի՝ Վրաստանի օկուպացված տարածքներում արված լուսանկարներից հետո: Սրան գումարվում է նաև փաստաղթերի լուսանկարները, ինչին Ինաշվիլին պատասխանել է հատուկ հայտարարության միջոցով:

Ինաշվիլին ամբողջությամբ հերքում է նյութերը, դրանք աբսուրդ ու ապատեղեկատվություն որակում: Նա հայտարարել է, որ 8 մլն դոլարը պարզապես կապել են կուսակցության ընտրական համարի՝ 8-ի հետ, «եթե մեր համարը 41 լիներ, կասեին՝ 41 մլն են փոխանցել»,- ասել է Ինաշվիլին:

Հարցին անդրադարձել են ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության ներկայացուցիչները: «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան դիմել է դատախազություն՝ պահանջելով հետաքննել Հայրենասերների դաշինքի շուրջ ստեղծված աղմուկը: Նույն կուսակցության մեկ այլ առաջնորդ Սերգի Կապանաձեն գտնում է,որ կուսակցության ուժեղացման նպատակը հետագայում իշխող «Վրացական երազանքի» հետ դաշինք կազմելն է ու խորհրդարանում ձայների քանակ ապահովելը:

Իշխանության ներկայացուցիչ Մամուկա Մդինարաձեն էլ հայտարարել է, որ եթե պարզվի որ այս տեղեկությունը հավաստի է, Վրաստանը համապատասխան պատասխան պետք է տա: