Ռուսաստանի զորավարժություններն անցկացվում են նաև Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում, Ղրիմում ու Հայաստանում

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տեղեկատվությամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկրի հարավում սկսել է լայնածավալ զորավարժություններ անցկացնել, որոնք տեղի են ունենում նաև երեք այլ երկրներում:

«Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության կողմից տարածած տեղեկատվության համաձայն, մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների տակտիկական ուսուցումները բացի Վոլգոգրադի, Ռոստովի, Ստավրոպոլի, Դաղստանի, Ինգուշիայի, Հյուսիսային Օսիայի տարածքներից, անցկացվում են նաև Ուկրաինայից բռնակցված Ղրիմի թերակղզում, Վրաստանի օկուպացված Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում և Հայաստանում տեղակայված ռուսական բազաներում»,- գրում է ծառայությունը:

Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆիևի տեղեկատվությամբ, զորավարժություններին մասնակցում է 7 հազարից ավել զինվորական, այդ թվում ծովային հետևակներ, 2 հազար միավոր ռազմական տեխնիկա և 50 հազարից ավել ավիակործանիչ, ռմբակոծիչ և ուղղաթիռ: