Աննախադեպ տեղումներ Բաթումիում․ ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 19-ից սեպտեմբերի 20-ի առավոտ ընկած ժամանակահատվածում Աջարիայի ափամերձ գոտում և հարակից տարածքում գրանցվել են հորդառատ տեղումներ, ինչի հետևանքով Բաթումիի առանձին թաղամասերում փողոցները ջրասույզ են եղել, իսկ քաղաքային ենթակառուցվածքները ժամանակավոր գերբեռնվել են։

Օդերևութաբանական դիտարկումների համաձայն՝ տարածաշրջանի սահմաններում տեղումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հենց Բաթումիում։ Քաղաքում 21 ժամ շարունակ անձրև է տեղացել, և սեպտեմբերի 19-20-ին տեղումների ընդհանուր քանակը կազմել է 275 մմ, ինչը գերազանցում է ամսական կլիմայական նորմայի 90%-ը։

Գործակալության պարզաբանմամբ՝ միայն 1 ժամվա ընթացքում (սեպտեմբերի 19-ի 21:00-ից 22:00-ն) տեղացել է նշված քանակության 20%-ը (52․5 մմ)։

«Պատմական տվյալների համեմատությամբ՝ Բաթումիում 24 ժամում տեղացած անձրևների քանակը (273 մմ) աննախադեպ է սեպտեմբեր ամսվա համար և դասվում է 100 տարվա կրկնողականության տեղումների շարքին»,- նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Գործակալության օդերևութաբանական կայանների տվյալներով՝ առատ տեղումներ են գրանցվել նաև Աջարիայի այլ տարածքներում․

Մտիրալայի ազգային պարկ — 93 մմ

Կոխի (Քոբուլեթի) — 58․5 մմ

Սինդիեթի (Խելվաչաուրի) — 50․8 մմ

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը շարունակում է հիդրոօդերևութաբանական պայմանների անընդհատ մոնիթորինգը և քաղաքացիներին հիշեցնում է, որ սպասվող եղանակի և վտանգների մասին տեղեկատվություն հնարավոր է ստանալ վաղ ազդարարման մոբայլ հարթակում՝ METEO.GOV.GE։