Սա անընդունելի առաջարկ է. Ընդդիմությունը՝ «Երազանքի» նախաձեռնությանը

««Վրացական երազանքի» առաջարկն անընդունելի է», — ասում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն:

Վաշաձեի խոսքով, առաջարկը ցույց է տալիս, որ «Վրացական երազանքը» վատ դրության մեջ է. «Դա ոչ այլ ինչ է, քան միջազգային միջնորդների աչքին թվալ, թե իրենք փոխզիջման են գնում»:

Նույն կարծիքին է Գիգա Բոկերիան․ նա կարծում է, որ այս նախաձեռնությունը չի փոխում խաղի կանոնները: «Սրանք զորավարժություններ են, որոնք լուրջ չեն», — ասում է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը:

Հիշեցնենք՝ խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն խոսեց մեծամասնության նոր նախաձեռնության մասին: Նրա խոսքով կուսակցությունում համաձայնության են եկել, և խառը համակարգը երկրի համար ամենաընդունելին է:

Արչիլ Թալակվաձեն հրավիրած արտակարգ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իշխանության առաջարկը ենթադրում է համամասնականի մասնաբաժինը համակարգում հասցնել 2/3-ի:

«Այս առաջարկի շուրջ համաձայնության հասնելու դեպքում համամասնական կարգով կընտրենք 100 պատգամավոր՝ 77-ի փոխարեն, իսկ մեծամասնական մանդատների թիվը կնվազի՝ դառնալով 50, նախկին 73-ի փոխարեն»,- հայտարարել է Թալակվաձեն: