Սա բյուջեի կազմակերպված թալան է. Բուրճուլաձեն՝ ՊՆ նախկին նախարարի գործի վերաբերյալ

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն չի բացառում, որ պաշտպանության նախկին նախարար և «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլիի նկատմամբ նոր գործ կհարուցվի։

Ըստ նրա՝ նախկին իշխանությունը թալանել է պետությունը, և չի բացառվում, որ «թալանով պայմանավորված» ևս մեկ դեպք լինի։ Բուրճուլաձեն նշել է՝ սա բյուջեից գողություն չի կարող որակվել, սա բյուջեի կազմակերպված թալան է։

«Կրկնում եմ՝ հարյուրավոր միլիոններ են կախված դեբիտորական պարտքերի վրա, որոշ մասի պատճառն իրենց անգործունակությունն է, դրանց թվում կարող են լինել լրացուցիչ դեպքեր, որոնք կրկին թալանով են պայմանավորված։ Մենք փորձում ենք փաստաթղթեր գտնել դեպքերի, ուղղակիորեն գոյություն չունեցող գնումների վերաբերյալ և դրանք դուրս գրել դեբիտորական պարտքերից»,- ասել է Բուրճուլաձեն։

Նա նաև արձագանքել է Կեզերաշվիլիի վերաբերյալ BBC-ի հոդվածին և նշել, որ Վրաստանի իրավապահները նշված գործի առնչությամբ սերտ համագործակցել են գործընկեր երկրների հետ:

Ի դեպ, BBC-ի լրագրողական հետաքննության համաձայն՝ Կեզերաշվիլին կանգնած է կիբերխարդախության միջազգային ցանցի թիկունքում, որը խաբեությամբ ավելի քան մեկ միլիարդ դոլար է վաստակել։

Կեզերաշվիլին հայտարարել է, որ երբեք կապ չի ունեցել «քոլ կենտրոնների» հետ։

Նշենք, որ Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիի խոսքով, եթե Կեզերաշվիլիի հետ կապված որևէ հետաքննություն լինի, ապա անպայման դրան պատասխան կտրվի: