«Սա հստակ քաղաքական հաշվեհարդար է»․ միջազգային հանրության արձագանքը Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ

Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի 18-րդ քրեակատարողական հիմնարկի բուժհաստատություն տեղափոխելու հետ կապված միջազգային հանրության կողմից կոշտ հայտարարություններ են հնչել: Մասնավորապես, ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Վրաստանի կառավարությանը Միխեիլ Սաակաշվիլիի հետ վարվել արդար և արժանապատվորեն՝ միջազգային չափանիշներին և Վրաստանի օրենսդրությանը համապատասխան։

«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը անհապաղ քայլեր ձեռնարկել Սաակաշվիլիի և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական հրատապ կարիքները լուծելու համար», — ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: Փրայսը հավելել է, որ Վրաստանի օմբուդսմենի հայտարարությունը ևս մի շարք հարցեր է առաջացնում բանտարկված նախագահի վիճակի մասին։

Միջազգային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Amnesty International կազմակերպությունը Twitter-ում արձագանքում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելուն և նշում, որ սա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։

«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով արդեն 5 շաբաթ է հացադուլի մեջ է, բռնի ուժով տեղափոխել են բանտային հիվանդանոց։ Նրան, ըստ երևույթին, սպառնացել են, ոտնահարել նրա արժանապատվությունը, սահմանափակել անձնական տարածքը և զրկել իրավունքից՝ ստանալ համապատասխան բուժօգնություն։ Սա պարզապես արդարադատություն չէ, դա հստակ քաղաքական հաշվեհարդար է», — նշված է կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ։

Վրաստանում ԵՄ-ի դեսպան Կարլ Հերցելն, իր հերթին, նշել է, որ ուշադրությամբ հետևում են Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակին՝ տեղի վստահելի գործընկերների հետ, ինչպիսին օմբուդսմենն է։ ԵՄ-ն արդեն նշել է, որ Սաակաշվիլիի իրավունքների պաշտպանությունը և դատական ​​գործընթացների իրականացումը առանցքային են և հանդիսանում են Վրաստանի իշխանությունների պատասխանատվությունը»,- ասել է Կարլ Հարցելը։

Նշենք նաև, որ ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարությունն էր արձագանքել Սաակաշվիլիի հետ կապված իրադարձություններին: Եվ ավելի ուշ, Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարեիշվիլին այցելել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։ Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեսպանը զրուցել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկու հետ։

«Վրաստանի դեսպանը մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Սաակաշվիլիին Գլդանիի բանտային հիվանդանոց տեղափոխելու մասին։ Նիկոլայ Տոչիցկին ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն արտասահմանում՝ պետության համար առաջնահերթություն է», — ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն 41 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։

Նշենք, որ իշխանությունները հրաժարվում էին Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ ասելով, որ անհրաժեշտության դեպքում Սաակաշվիլիին կտեղափոխեն Գլդանիի 18-րդ բուժհաստատություն (բանտային հիվանդանոց)։ Սակայն, ըստ հանրային պաշտպանի, վերոնշյալ հաստատությունը չի համապատասխանում նախկին նախագահի առողջությամբ զբաղվող խորհրդի կողմից սահմանված բժշկական նորմերին։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր