Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության արձագանքը` Սաակաշվիլիին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի բանտային հիվանդանոց տեղափոխելու հարցին` նշելով, որ Ուկրաինայի քաղաքացու` քրեակատարողական հիմնարկում գտնվելը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։ Նախարարությունն իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել։

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիասթափված է իրենց երկրի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի №18 քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու և ուկրաինական կողմին տեղյակ չպահելու համար։ Մենք վրացական կողմին կոչ ենք անում Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել քաղաքացիական բուժհաստատություն, որը կունենա բոլոր  անհրաժեշտ միջոցները պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար» — ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ուկրաինայի դեսպանատունը շարունակում են հատուկ հսկողություն իրականացնել Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սահակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ։

Միխեիլ Սաակաշվիլիին երեկ՝ նոյեմբերի 8-ին, տեղափոխել են Գլդանիի բանտային հիվանդանոց (18-րդ բժշկական հաստատություն)։

Վերջերս Միխեիլ Սաակաշվիլիի բժիշկ Նիկոլոզ Կղիփշիձեն ասել էր՝ հիվանդին պետք է շտապ տեղափոխել բարձրակարգ բժշկական հաստատություն։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1-ին և արդեն  40 օրից ավելի է հացադուլ է անում բանտում: Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը պատրաստվում է սովամահ լինել։

Սրանից առաջ կառավարությունը հրաժարվել է Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքում Սաակաշվիլին կտեղափոխվի 18-րդ բժշկական հաստատություն (բանտային հիվանդանոց)։

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր