Սաակաշվիլին դիմել է Ուկրաինայի քաղաքացիությունը վերադարձնելու համար

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին նամակով դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկիի վարչակազմին՝ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունը վերադարձնելու խնդրանքով:  

Սաակաշվիլին նամակում ասում է, որ իրեն ուկրաինական քաղաքացիությունից զրկելն ապօրինի է, քանի որ Ուկրաինայի Սահմանադրությամբ՝ մարդուն չի կարելի զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ միջազգային իրավունքով՝ չի կարելի անձին ընդհանրապես առանց քաղաքացիության թողնել: Սաակաշվիլին նաև ասել է, որ իրեն պետք չեն ոչ մի տեսակ պաշտոններ ու արտոնություններ: Սաակաշվիլին հորդորում է Զելինսկիին հրահանգել Ուկրաինայի պետական սահմանային ծառայությանը՝ իրավունք տալ նրան մուտք գործել Ուկրաինա, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր շահերը դատարանում:

Հիշեցնենք՝ 2017-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով Սաակաշվիլին կորցրեց Ուկրաինայի քաղաքացիությունը, երբ գտնվում էր ԱՄՆ-ում: Նույն թվականի սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին հատեց լեհ-ուկրաինական սահմանը՝ իր համախոհներով շրջափակված, այդ ժամանակ սահմանապահների ու իրավապահների հետ բախումներ եղան, իսկ սեպտեմբերի 22-ին դատարանը նրան մեղավոր ճանաչեց Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու մեջ: 2018 -ի փետրվարի 12-ին Վրաստանի երրորդ նախագահը բերման ենթարկվեց Կիևի ռեստորաններից մեկից, ինչից հետո ինքնաթիռով տեղափոխվեց Լեհաստան: Ուկրաինայի ՆԳՆ-ն պարզաբանել էր, որ Սաակաշվիլին երկրի տարածքում ապօրինի էր գտնվում, այդ պատճառով էլ սահմանված կարգով հետ է վերադարձվել այն երկիր, որտեղից մուտք է գործել՝ խախտելով պետական օրենսդրությունը:

Լուսանկարը՝ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջից