Արմեն Հովհաննիսյանի տիկնիկային թատրոնը 5 տարեկան է․ հեքիաթն ապրեցնողը՝ իր արվեստի մասին

Երբեմն թիֆլիսյան հին բակում հավաքվում են տիկնիկները՝ ապրեցնելով հեքիաթը ժողովրդի հոգիներում։

2018 թվականին փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, գրողի Թիֆլիսի վերջին բնակարանում հիմնադրվեց Արմեն Հովհաննիսյանի հեղինակային տիկնիկային թատրոնը։ Թատրոնը նախ այլ ձևաչափով էր գործում, այն տիկնիկային-ձեռնոցային էր, որն այնուհետև վերածվեց խամաճիկային թատրոնի։ Առաջին ներկայացումը Թումանյանի «Շունն ու կատուն» էր, որին հաջորդեց «Բարեկենդանը»։

Այս պահին Արմեն Հովհաննիսյանի հեղինակային տիկնիկային թատրոնը չնայած Թբիլիսիում հատկացված տարածք չունի, այնուամենայնիվ չի դադարում իր շուրջը հավաքել և՛ հայ, և՛ վրացի հանդիսատեսին։ Երբ հայ երեխան հեռավոր գյուղից չի կարողանում հասնել թատրոն, թատրոնն է այցելում նրան, ինչպես ասում է տիկնիկագործը՝ «հեքիաթը ճամպրուկի միջոցով հասնում է երեխային»։

Հիմնադրումից մեկ տարի անց թատրոնը սկսեց գործել անկախ։ Հովհաննիսյանն ընդգծում է, որ թատրոնը դուրս եկավ Թումանյանի տնից, բայց չդադարեցրեց ապրեցնել Թումանյանի հեքիաթը։

Քանի որ մեր հայ երեխաները երբեմն հաճախում են վրացական և ավելի հաճախ ռուսական դպրոցներ, այդ պատճառով չեն կարողանում կարդալ հայկական հեքիաթներ, հայերեն գրքեր»։

Թատրոնը մեծ նշանակություն ունի, տիկնիկային թատրոնում մեծացած սերունդները տարբերվում են, ասում է Հովհաննիսյանը։

Առաջիկա պլանների, դրանց իրագործման ճանապարհին հանդիպած մարտահրավերների մասին խոսելով, տիկնիկագործը նշում է՝ խնդիրներ շատ կան, ծրագրեր ու պլաններ՝ ավելի շատ։

«Առանց խոչընդոտների հաջողություն չի լինում, որոշ մարդիկ փորձեցին սահմանափակել թատրոնի աշխատանքը, չհասկանալով որ միայն ինձ են աջակցում այդ կերպ, քանի որ գուցե ինչ-որ տևական ժամանակահատված ես նեղվեմ, սակայն հետո էլ ավելի որակյալ ներկայացում, տիկնիկներ ու արվեստ ծնվի։ Եղավ պահ, երբ բեմ չունեի, և հնարավոր չէր ձեռնոցային տիկնիկները ներկայացնել, և ես ստեղծեցի մարիոնետային թատրոններ։

Հնարավորինս կարողանում եմ համատեղել և հանդիսատեսի առաջ ներկայանալ նորանոր ներկայացումներով։ Առաջնային նպատակներից մեկն է այցելել հեռավոր գյուղեր, որտեղ հայ երեխաները սովորում են վագոն տնակներում, հենց նրանք են դիմել՝ հնարավորության դեպքում այցելել իրենց»։

Հարցին թե ինչ հաճախականությամբ է թատրոնը հանդես գալիս, Արմեն Հովհաննիսյանը նշում է, քանի որ թատրոնն անկախ է և ոչ մի տեղից չի ֆինանսավորվում, տոմսերը երեխաներին երբեք չեն վաճառվում, այդ դեպքում հաճախականությունը կախված է նաև անձնական միջոցներից․ «Համագործակցության առաջարկներ թե՛ պետական թատրոնից, թե՛ այլ կազմակերպություններից եղել են, սակայն այս պահին դեռևս զերծ եմ մնում»։

«Հանդիսատեսի ամենասիրված ներկայացումը տիկնիկագործը դժվարությամբ է առանձնացնում, ասում է՝ բոլորն են սիրված թե Թումանյանի հեքիաթները, «Սայաթ-Նովան», թե Փարաջանովի մասին ներկայացումը․ «Քանի որ Վրաստանը բազմազգ երկիր է, ունեմ ներկայացում, որը կոչվում է «տիկնիկների կոլաժ»։ Այն ամբողջացնում է Վրաստանի բազմերանգ մշակույթը, և յուրաքանչյուր էթնոս իմ այս ներկայացման տիկնիկների մեջ փորձեց գտնել իր առանձնահատկությունը։ Այս ներկայացմամբ շատ հաճախ եմ հանդես գալիս, վերջերս Սերգեյ Փարաջանովի երևանյան տուն-թանգարանում ևս դա եմ ներկայացրել, և Թիֆլիսում սիրված ներկայացումը սիրվեց նաև Երևանում»։

«Մի անգամ երբ ոտքով Սոլոլակ էի բարձրանում, Թումանյանի տանը փորձեր ունեինք, եկեղեցու բակում երկու կին էին նստած, մեկը մյուսին հարցնում է՝ «էս տղի դեմքը ծանոթ ա, ով ա՞», մյուսը պատասխանում է «Աղջի, էն շուն ու կատվի տղեն ա, չե՞ս հիշում»։

Հարցին, թե ինչ է տիկնիկային թատրոնը Արմեն Հովհաննիսյանի համար, զրուցակիցս պատասխանում է՝ ապրելակերպ։

«Իմ ամբողջ օրն է հագեցած տիկնիկներով, իմ աշխարհից կտրված սենյակը հարմարեցված է այնպես, որ համացանցի հետ կապ չլինի, և ես մենակ մնամ իմ արվեստի հետ՝ արթուն պահելու համար հեքիաթը։ Հենց իմ տիկնիկային թատրոնի պատգամ-խորհուրդն է՝ միշտ արթուն պահել ներսի հեքիաթը․ «Եթե ձեր ներսի հեքիաթը քնեց, ուրեմն կդառնաք ռոբոտային և դեկորատիվ մարդ, իսկ որպեսզի չքնի հեքիաթը, համեցեք Արմենի թատրոն»։