Սաակաշվիլին՝ Գվարամիա-Մելիա նոր դաշինքի մասին

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, որ գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում, «Ֆորմուլա» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է իր նախկին թիմակից Նիկա Մելիայի և ընդդիմադրի «Մթավարի արխի» հեռուստաընկերության նախկին տնօրեն Նիկա Գվարամիայի նոր կուսակցության հիմնադրմանը։

Սաակաշվիլին հույս է հայտնել, որ Գվարամիան և Մելիան «լավ են հաշվարկել բոլոր ռիսկերը»՝ հավելելով, որ նրանք դեռևս իր ընկերներն են։

«Նիկա Գվարամիան, ինչպես նաև Նիկա Մելիան, իմ ընկերներն են: Ես և Նիկա Գվարամիան, բացի կուսակցությունից, շատ այլ ընդհանուր թեմաներ ունենք: Նրանք հիանալի տղաներ են, և հուսով եմ, որ լավ են հաշվարկել բոլոր ռիսկերը: Իմ կարծիքով, ընդհանուր առմամբ, միասնությունն այլընտրանք չունի»,- ասել է Սաակաշվիլին:

Հաղորդավարի հարցին՝ նախկին թիմակիցների կողմից նոր ընդդիմադիր կուսակցության ստեղծումն ինչպե՞ս կանդրադառնա «Միացյալ ազգային շարժման» ընտրողների վրա, Սաակաշվիլին պատասխանել է, որ իր ընտրողները գիտեն, թե որ կուսակցությունում է ինքը:

«Ազգային շարժման ընտրողը բարձր խելամտություն ունի և իսկապես գիտի, թե որ կուսակցությանն եմ պատկանում և որտեղ է այն արժեքների ամենաճիշտ արտահայտությունը, որին նվիրել են իրենց կյանքը։ Մեր թշնամին օլիգարխն է, աղքատությունը, անհեռանկարությունը, երկրի դատարկումը»,- նշել է երրորդ նախագահը:

Ի դեպ, մարտի 11-ին Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան ու ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ստեղծել են «Ախալի» («Նոր») կուսակցությունը։

Գվարամիան և Մելիան կուսակցություն են հիմնել