Թբիլիսիի կենտրոնում սահմանափակումներ կգործեն

Թբիլիսիում մարտի 21-ին նախատեսված Վրաստան-Լյուքսեմբուրգ ֆուտբոլային հանդիպման պատճառով Առաջին Հանրապետության հրապարակում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։ Քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ մարտի 21-ին Առաջին Հանրապետության հրապարակում կտեղադրվի մեծ էկրան, կբացվեն մանկական տարածքներ և սննդի օբյեկտներ։

Երթևեկությունը կսահմանափակվի Ռուսթավելի պողոտայի և Առաջին Հանրապետության հրապարակի խաչմերուկից մինչև Առաջին Հանրապետության հրապարակ և Մերաբ Կոստավա փողոցի խաչմերուկ։ Այն կգործի մարտի 21-ի ժամը 01:00-ից մինչև մարտի 22-ը ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Ռուսթավելի պողոտայից Կոստավայի փողոցի փոխարեն մեքենաները կշարժվեն միայն Միխեիլ Ջավախիշվիլիի և Մերաբ Կոստավայի փողոցների ուղղությամբ։

Նշենք, որ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 21-ին, ժամը 21:00-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կանցկացնի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչ հանդիպումը Լյուքսեմբուրգի հետ։