Սագարեջոյից առևանգված 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Վրաստանի Սագարեջոյի մունիցիպալիտետի գյուղերից մեկից առևանգված 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է:

Աղջկան որոնում էին 6 օր: Դեռահասին հայտնաբերելու մասին radiotavisupleba լրատվականին ասել է 13-ամյա աղջկա հայրը. տեղեկությունը հաստատել են նաև ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունից։

«Ոստիկանությունն ինձ հենց նոր ասաց, որ աղջիկը հայտնաբերվել է, ես Թբիլիսիից գնում եմ Կախեթի և կպարզեմ, թե ինչպես է աղջիկս, որտեղ են նրան գտել և ինչ է եղել, ուրիշ ոչինչ չգիտեմ»,- ասել է աղջկա հայրը։

Ըստ վարկածի՝ 7-րդ դասարանի աշակերտուհուն առևանգել է 16-ամյա տղան՝ նրա հետ ամուսնանալու նպատակով։ Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնի է դարձել մարտի 1-ին. այդ օրը ոստիկանությունը մի քանի ժամ հարցաքննել է 13-ամյա աղջկա ընտանիքի անդամներին։

Տեղեկությունների համաձայն, երկու դեռահասներն էլ այժմ գտնվում են տեղի ոստիկանական բաժանմունքում։ Այլ մանրամասներ այս փուլում հայտնի չեն։

Այն դպրոցի տնօրենը, որտեղ սովորել է 13-ամյա աղջիկը, ասել է, որ երեխան վերջին շաբաթների ընթացքում դասերի չի հաճախել։

ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցվել է անձին ապօրինի ազատությունից զրկելու հոդվածով։ Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ նվազագույնը 2-ից 4 տարի ժամկետով։