Շահումյանում նշել են ավանդական դարձած «Աշնան տոնը»․ լուսանկարներ

Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղի թիվ 3 հայկական դպրոցում այս տարի ևս նշեցին արդեն ավանդական դարձած բարեբեր աշունը փառաբանող «Աշնան տոնը»:

Միջոցառման գաղափարը և կազմակերպչական աշխատանքները կատարել են 12-րդ դասարանցիները՝ դասղեկ Ժաննա Մարությանի օգնությամբ։

Ժաննա Մարությանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ միջոցառման ժամանակ ներկայացվել է աշնան բնապատկերը՝ ողջ պարունակությամբ՝ արևի կերպար, անձրևի կերպար, և, իհարկե, աշնան թագուհին՝ տերևաթափը։

«Ինչպես կարող ենք աշուն նշել ու չհիշել հայ գրող Վահան Տերյանին։ Միջոցառումը հենց սկսեցինք Տերյանի բանաստեղծություններով, հետո՝ հանելուկներ, խաղեր, հաղթողին նվեր տվեցինք՝ գրենական պիտույքներ»,- ասում է Մարությանը:

Մարությանի փոխանցմամբ, միջոցառմանը ներկայացված են եղել նաև կոմպոզիցիաներ, աշնան բարիքները համալրելով նաև ձեռքի աշխատանքներով: Աշակերտները նաև շնորհանդեսի ձևով ներկայացրել են իրենց գաղափարը, թե ինչու են կոմպոզիցիաներն այդ կերպ ներկայացրել: