Շիո III-ը կհանդիպի Դյուշենի համախտանիշով հիվանդ երեխաների ծնողներին

Դյուշենի մկանային դիստրոֆիայով հիվանդ երեխայի ծնող Թակո Գոգոլաձեն «TV Pirveli»-ի եթերում հայտարարել է, որ Պատրիարքարանից զանգ են ստացել, և այսօր հանդիպում կկայանա։

Թակո Գոգոլաձեի խոսքով՝ իրենց անձամբ զանգահարել է Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը։

«Մեկուկես ժամ առաջ Պատրիարքարանից զանգ ստացանք, որ Շիո Պատրիարքը պատրաստ է ընդունել մեզ: Հանդիպումը կկայանա այսօր ժամը 15.00-ին, կմասնակցի 3 ծնող:
Մենք միայն այս տեղեկությունն ունենք, որ այցը նշանակված է, և ժամը 15.00-ին հանդիպելու ենք: Հուսով ենք, որ այնտեղից դուրս կգանք մեզ համար օգտակար տեղեկություններով, և մեկընդմիշտ այս խնդրին վերջակետ կդրվի, ու երեխաների կյանքը մեր երկրում առաջին տեղում կլինի: Հուսով ենք և անհամբեր սպասում ենք հանդիպմանը»,- ասել է Թակո Գոգոլաձեն:

Դյուշենի մկանային դիստրոֆիան (DMD) հազվագյուտ գենետիկական հիվանդություն է, որն արտահայտվում է մկանների ատրոֆիայով (հյուծմամբ) և թուլությամբ: «Միասին պայքարենք Դյուշենի մկանային դիստրոֆիայի դեմ» կազմակերպության տվյալներով՝ Վրաստանում գրանցված է Դյուշենի համախտանիշով հիվանդ շուրջ 100 երեխա: Համապատասխան դեղամիջոցների և բուժման բացակայության պատճառով Վրաստանում այս հիվանդությունից տարեկան 1, 2 կամ 3 երեխա է մահանում:

Կազմակերպության նախագահ Զաքարիա Գվիշիանին ասել է, որ դեղամիջոցներն անցել են անվտանգության և արդյունավետության փուլերը, և կան օրինակներ, ըստ որոնց` մեր այն քաղաքացիները, որոնք այդ դեղերն ստացել են Եվրոպայում, իրենց շատ լավ են զգում:
Մայիսի 17-ին Ընտանիքի սրբության պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպված երթի ժամանակ ծնողները հոգևորականներին խնդրել էին օրհնել երեխաներին և դիմել էին նրանց՝ նախատեսված երթին մասնակցելու խնդրանքով: