Սիրիայի զարգացումները վտանգ են նաև Վրաստանի համար

Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին Սիրիայում տեղի ունեցող զարգացումները համարում է Վրաստանի ազգային անվտանգության համար հավանական սպառնալիք:

Այս մասին Լիլուաշվիլին ասել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

«Տարածաշրջանում մեծ իրարանցումն ամեն կերպ կարող է ազդել երկրի տնտեսական և այլ գործընթացների վրա: Եթե ​​Թուրքիան պատժամիջոցների ենթարկվի, դա կլինի վրացական տնտեսության վրա բացասաբար ազդող գործոններից մեկը, քանի որ առևտրաշրջանառությունը, արտարժույթի փոխարժեքները մեծապես սերտորեն ինտեգրված են թուրքական տնտեսվարող սուբյեկտների և տարբեր կառույցների հետ», — ասել է Լիլուաշվիլին:

Լիլուաշվիլին մտավախություն ունի, որ գերիները հնարավոր է համալրեն «Իսլամական պետության» շարքերը և էլ ավելի ուժեղացնեն խմբավորման ռեսուրսները, բացի այդ, ռազմական գործողությունների ակտիվացման հետևանքով Վրաստան մուտք գործող անձինք ևս կարող են խմբավորումներ ձևավորել։

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 22-23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ սպանվել էր Ախմեդ Չատաևը, որն ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ «Իսլամական պետության» առաջնորդներից էր ու իր ղեկավարության տակ ուներ շուրջ 130 զինված անձ։ Ավելի ուշ, արդեն դեկտեմբերի 26-ին ՊԱԾ-ը Պանկիսիի շրջանի Օմալո և Դուիսի գյուղերում հատուկ գործողություն է իրականացրել ՝ Բադո Չոփիկաշվիլիի բնակարանում մեծ քանակությամբ զենք հայտնաբերելով։ Նշվում էր, որ Չոփիկաշվիլիին ձերբակալել են միջազգային ահաբեկչության մեջ մեղադրվող Ախմեդ Չատաևին աջակցություն ցուցաբերելու մեղադրանքով։

Նշենք, որ Վրաստանի արևելյան հատվածում գտնվող Պանկիսի կիրճի բնակիչների անունները լրատվամիջոցներում բազմիցս շրջանառվել են, որպես Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցողներ։ 2019-ի մարտին հաստատվեց 35-ամյա Ռուսլան Տոխոսաշվիլիի մահը, որը Սիրիա էր մեկնել 2014 թվականին և միացել «Իսլամական պետությանը»: 2018-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Սիրիայում վրաստանցի ընտանիք է զոհվել (34-ամյա Աղազա Բորչաշվիլի, 36-ամյա Կախա Տոխոսաշվիլի և նրանց 8-ամյա երեխան)։ Կախա (Օսման) Տոխոսաշվիլին Սիրիա էր մեկնել 4 տարի առաջ և կռվել «Իսլամական պետության» շարքերում: «Իսլամական պետության» անդամ է եղել նաև նրա եղբայրը` 26-ամյա Բեքխան Տոխոսաշվիլին, որի մահվան մասին տեղեկություններ էր տարածվել 2016 թվականի հուլիսին:

Ըստ տարբեր աղբյուրների՝ Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է Պանկիսիի 30-ից ավելի բնակիչ: