ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Վրաստանին աջակցող երկկուսակցական ակտ է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն հաստատել է Վրաստանին աջակցող երկկուսակցական ակտը, ինչն ամրագրում է Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարաբերությունների էլ ավելի բարձր մակարդակ: Այս մասին հայտնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Նշվում է, որ օրինագծով ևս մեկ անգամ ընդգծվում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և առաջարկում պատժամիջոցներ՝ Վրաստանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքները ոտնահարողների դեմ:

Օրենսդրական ակտով Կոնգրեսը դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի և Ցխինվալիի գրավումը, որտեղ եղել են նաև մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, ներառյալ՝ Վրաստանի քաղաքացիներ Արչիլ Տատունաշվիլիի, Գիգա Օթխոզորիայի և Դավիթ Բաշարուլիի սպանությունները: