ՀԿ-ները դատապարտում են ոստիկանության կողմից ուժի կիրառումը

Վրաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ոստիկանությունը ապօրինի կերպով սահմանափակում է հավաքների և արտահայտվելու ազատությունը։

Ըստ ՀԿ-ների հայտարարության՝ մայիսի 28-ի ակցիայում Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված հավաքների և արտահայտվելու ազատությունը ապօրինի սահմանափակվել է Լազարե Գրիգորիադիսի հոր՝ Բեքա Գրիգորիադիսի նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելով։

«Մենք՝ հասարակական կազմակերպություններս, արձագանքում ենք Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված հավաքների և արտահայտվելու ազատության անօրինական սահմանափակման միտմանը, որի օրինակ է Բեքա Գրիգորիադիսի իրավունքների խախտումը։ Ոստիկանությունը շարունակում է թույլ չտալ քաղաքացիներին վրաններ տեղադրել բողոքի ակցիաների վայրում», — նշված է համատեղ հայտարարության մեջ։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի հետնամասում ոստիկանները թույլ չեն տվել վրան տեղադրել մարտյան ցույցերի ժամանակ ձերբակալված Լազարե Գրիգորիադիսի հորը՝ Բեքա Գրիգորիադիսին:

Հիշեցնենք՝ 21-ամյա Լազարե Գրիգորիադիսին ոստիկանությունը ձերբակալել է մարտի 29-ի գիշերը։ Նա մեղադրվում է ռուսական օրենքի դեմ խորհրդարանի դիմաց տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու մեջ։ Նրան սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։ Մարտի 31-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը։