II-VI դասարանների աշակերտների դպրոցական համազգեստները հնարավոր կլինի ձեռք բերել այսօրվանից

Վրաստանի II-VI դասարանների աշակերտների դպրոցական համազգեստները հնարավոր կլինի ձեռք բերել այսօրվանից․ այս մասին տեղեկատվություն է տարածում Կրթության նախարարության ենթակայության տակ գործող «Կրթական ռեսուրսներ» ընկերությունը։

«Տարրական աստիճանի աշակերտների համար դպրոցական համազգեստի ձեռքբերումը, սահմանված գրաֆիկի համաձայն, հնարավոր կլինի նոյեմբերի 2-ից ինչպես վաճառքի կետերում, այնպես էլ առցանց՝ էլեկտրոնային հարթակի միջոցով՝ formebi.emis.ge։

Ամբողջ երկրի մասշտաբով վաճառքի 83 կետ կգործի երկուշաբթիից շաբաթ ներառյալ, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն», — նշված է հայտարարության մեջ։

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ դպրոցական համազգեստն անվճար կտրամադրվի բազմազավակ (չորս և ավելի երեխա) ծնողի կարգավիճակ ունեցող անձանց երեխաներին, որոնք գրանցված են սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում, և նրանց ընտանիքի վարկանիշային միավորը 65 հազարից ավելի է ու 120 հազար 1-ից պակաս։

Դպրոցական համազգեստը նույնպես անվճար կտրամադրվի հանրային դպրոցների տարրական աստիճանի այն աշակերտներին, որոնք․

• Գրանցված են սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում, և նրանց ընտանիքների վարկանիշային միավորը պակաս է 65 հազար 1-ից․

• Ընդգրկված են խնամատար դաստիարակության պետական ծրագրում․

• Տեղավորված են փոքր տիպի մանկատներում (տներում)․

• Ընդգրկված են անօթևան երեխաների ապաստարանների ծառայություններում․

• Տեղավորված են Թբիլիսիի մանկատանը․

• 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելու հետևանքով չեն կարողանում շարունակել ընդհանուր կրթություն ստանալ Ուկրաինայի դպրոցներում և ընդունվել են Վրաստանի հանրային դպրոցներ։

Հարկ է նշել, որ առաջին փուլով I դասարանցիների համար դպրոցական համազգեստների վաճառքը մեկնարկել էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ին։