Կորոնավիրուսի տնտեսական «հետքը» Հայաստանում և Վրաստանում

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է շուրջ 5% տնտեսական ակտիվության անկում: Հունվար-հուլիսին այն փաստացի -5.7% է եղել: Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ 2020 թ-ին Հայաստանի տնտեսության անկումը կլինի 2.8%, 2021 թ-ին այն կվերականգնվի՝ հասնելով 4.9%:

Վրաստանում հունվար-հուլիսին համախառն ներքին արտադրանքը նվազել է 5.8%-ով, տարեկան անկումը, ըստ ՀԲ-ի, ակնկալվում է 4.8%, իսկ 2021-ին վերականգնումը՝ 4%: Վրաստանցի փորձագետները ճգնաժամի իրական հարվածը տնտեսությանը սպասում են նոյեմբեր-դեկտեմբերին, երբ կավարտվեն հարկային արձակուրդներն ու բանկային արտոնությունները:

Ի՞նչ միջոցներ են նախաձեռնել և նախաձեռնում այս երկու երկրների կառավարությունները՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար և որքանո՞վ են դրանք արդյունավետ:

Հայաստանի կառավարությունն՝ ընդդեմ կորոնավիրուսի

Մինչ օրս ՀՀ կառավարությունն ընդունել է պետական աջակցության 24 ծրագիր, որից 13-ը՝ տնտեսական, 11-ը՝ սոցիալական:

Օգոստոսի կեսերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսություն է ներարկվել «բավական շոշափելի գումար»՝ 144.5 մլրդ դրամ (մոտ 300 մլն դոլար), որից սոցիալական միջոցառումների շրջանակում ծախսվել է 26.2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումների շրջանակում՝ 17.5 մլրդ դրամ, ևս գրեթե 20 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի մի մասի դեպքում, օրինակ՝ արտոնյալ վարկեր ստանալու համար, տնտեսվարողները պետք է դիմեն բանկերին և միայն դրանց պայմանները բավարարելու դեպքում կարող են օգտվել պետական աջակցությունից: Բանկային կոշտ «մաղի» արդյունքում այս դիմումների զգալի մասը մերժվում է, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հուլիսի դրությամբ ֆինանսական կառույցները ստացել են շուրջ 40 հազար հայտ, որից բավարարվել է 35%-ը՝ մոտ 14 հազարը՝ ընդհանուր մոտ 25 մլրդ դրամ արժեքով:
Էկոնոմիկայի նախարարությունը դիմումներ է ընդունել 2 ծրագրերով՝ փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու (3-րդ միջոցառում) և 0-ից բիզնես ստեղծելու (19-րդ միջոցառում): Նախարարության տվյալների համաձայն՝ մինչ օրս այս 2 ծրագրերով ընդհանուր ստացվել է 2316 դիմում, որի մոտ 40 %-ը՝ 939 դիմում, մերժվել է:

Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերով աջակցություն է տրամադրվել շուրջ 483 հազար քաղաքացու, մերժվել՝ մոտ 401 հազար դիմում:

Նախարարությունից «Ալիք Մեդիա»-ին տեղեկացրեցին, որ միջոցառումների շրջանակում աջակցություն տրամադրելուց առաջ շահառուների կարիքների գնահատում չի իրականացվել, ուստի դժվար է ասել, թե ինչպես է ստացված աջակցությունն ազդել քաղաքացիների կյանքի որակի վրա:

Վրաստանի կառավարությունն՝ ընդդեմ կորոնավիրուսի

Հակաճգնաժամային միջոցառումների համար Վրաստանի կառավարությունը հատկացրել է մոտ 1.1 մլրդ դոլար: Պետությունն օգնություն է տրամադրում գործազուրկներին, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ուսանողներին և այլն:

Ապրիլին հայտարարվեց, որ աշխատանքը կորցրած կամ հարկադիր պարապուրդի մատնված գրեթե 350 հազար քաղաքացի 6 ամիս շարունակ կստանա մոտ 62 դոլար, արտակարգ դրություն հայտարարելու պատճառով եկամուտները կորցրած ինքնազբաղված անձինք կստանան միանգամյա մոտ 95 դոլար աջակցություն, սոցիալապես անապահով ընտանիքները և հաշմանդամություն ունեցող անձինք 6 ամսվա ընթացքում ամսական կստանան մոտ 30 դոլար: Քաղաքացիների համար կոմունալ արտոնությունների ծրագիրը կշարունակվի նաև ձմռան ամիսներին:

Գործատուները, որոնք չեն կրճատել աշխատողներին և պահպանել են աշխատավարձերը, ստացել են հարկային արտոնություններ, մասնավորապես՝ մինչև 235 դոլար աշխատավարձ վճարողներն ամբողջությամբ, իսկ ավելի քան 235 դոլար աշխատավարձ վճարողները կիսով չափ ազատվել են եկամտահարկից: Նաև գործարկվել է ԱԱՀ-ի վերադարձման ավտոմատ մեխանիզմ, և այս տարի բիզնեսը կստանա լրացուցիչ 188 մլն դոլար: Վրաստանի կառավարությունն առևտրային բանկերին տրամադրել է մոտ 160 մլն դոլար՝ բիզնեսի վարկավորման համար, փոքր և միջին ձեռնարկություններին վարկեր տրամադրելու համար բյուջեից լրացուցիչ հատկացվել է 157 մլն դոլար:

Գյուղատնտեսության ոլորտն այս տարի ամբողջությամբ ազատվել է ոռոգման ջրի դիմաց վճարներից, իսկ ընթացիկ պարտքերը ներվել են, մոտ 15.5 մլն դոլար հատկացվել է գյուղվարկերի համար, որոնց տոկոսները փոխհատուցելու է կառավարությունը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանի և Վրաստանի տնտեսական կառուցվածքները տարբեր են, օրինակ՝ Վրաստանը շատ ավելի կախված է տուրիստական հոսքերից, քան Հայաստանը, և ճգնաժամն իրենց վրա ավելի շատ է ազդել՝ պարտադրելով գնալ ավելի ռադիկալ միջոցների: Նա նկատեց, որ արտերկիր մեկնելու անհնարինության պայմաններում Հայաստանի զբոսաշրջիկներն ակտիվացել են ներքին տուրիզմի առումով, և մոտ 1 մլրդ դրամ «խնայվել» է, այսինքն՝ երկրից դուրս չի եկել:

«Վրաստանի վրա հարվածը մեծ էր և նա չկարողացավ վերապրոֆիլավորվել դեպի ներքին տուրիզմ ու մեղմել բացասական ազդեցությունը: Իսկ մեզ մոտ դա ստացվեց»,- նշեց փոխնախարարը:

Պետական աջակցության արդյունավետությունը

Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերը քննադատում են իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերն ու իրականացվող ծրագրերը՝ դրանք համարելով ոչ թիրախային ու անարդյունավետ:

Մինչդեռ անկախ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Հայաստանում այդ ծրագրերի արդյունավետությունը բավականին բարձր է գնահատում: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նա նշեց, որ աշխարհի մակարդակով մասնագետները եկել են այն կարծիքին, որ պետք է ընտրել սահմանափակումների միջին մակարդակ, որպեսզի տնտեսությունը կարողանա գոյատևել և առողջապահական խնդիրները շատ չտարածվեն, ինչն էլ արել է Հայաստանը:

«Նման պայմաններում ռեսուրսները պետք է թիրախավորված օգտագործել, այսինքն՝ տնտեսության համատարած  բոլոր ճյուղերին աջակցել հնարավոր չէ: ՀՀ կառավարության մոտեցումն այս առումով շատ ողջունելի է, ամենակարևորը՝ կառավարությունը շատ բաց է բոլորի համար, որոնք տուժել են կորոնավիրուսից, և էկոնոմիկայի նախարարության հետ քննարկումների միջոցով բիզնեսը կարողանում է լուծումներ գտնել: Իհարկե, բոլորը բավարարված չեն, հատկապես տուրիզմը կամ ծառայությունները, բայց դա պայմանավորված չէ միայն ՀՀ ներքին շուկայով»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Վրաստանի Հարկատուների միության փոխտնօրեն Քեթևան Կրիալաշվիլիի կարծիքով՝ Վրաստանի իշխանությունների կողմից բիզնեսին աջակցության ծավալներն առավելապես պայմանավորված են նախընտրական շրջանով. «Խնդիրն այն է, որ կառավարությունը նախապես ծրագիր չի ներկայացնում և գործարարները չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում: Բիզնեսի ներկայացուցիչները պետք է պատրաստ լինեն տարբեր զարգացումների, օրինակ՝ կառավարությունը որոշում է անորոշ ժամանակով փակել որևէ շրջան կամ քաղաք, որտեղ վարակը տարածվում է: Դա մեծ հարված է: Կառավարության աջակցությունը եղել է գումարներ բաժանելը, որոշ հարկային արտոնությունները, որն այս շրջանում քիչ է: Վրացական լարին շոկային անկում է ունեցել: Պարտքի հաշվին պետությունը սոցիալական օգնություններ է բաժանում, թեև բոլորս էլ գիտենք, որ դա արվում է նախընտրական շրջանում «միավորներ» հավաքելու համար: Արտաքին պարտքի ավելացման հետ մեկտեղ մենք հետագայում ներդրողների խնդիր ենք ունենալու: Վատ պատմությամբ և մեծ արտաքին պարտքի պայմաններում ոչ մի ներդրող չի գա մեր երկիր»:

Զբոսաշրջության զարգացման մասնագետ Արթուր Ոսկանյանի խոսքով՝ զբոսաշրջությանը կորոնավիրուսի պատճառած վնասը զգալի է թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում: Ըստ նրա՝ ՀՀ-ում ոլորտի ներկայացուցիչների մի մասը պետական աջակցությունից գոհ է, մի մասն էլ՝ դժգոհ:

«Դրականն այն է, որ թեև արտերկրից զբոսաշրջիկներ չկան, բայց արտերկիր մեկնելու փոխարեն մեր հայրենակիցները ակտիվացել են ներքին տուրիզմում, և հանգստյան օրերին մարզերում հյուրատները գրեթե լիովին զբաղված են: Համայնքային տուրիզմի ներկայացուցիչները չեն սպասում ծրագրերի կամ պետական ներդրումների և ինքնուրույն են քայլեր նախաձեռնում: Նաև ինքնագործ տուրիզմն է զարգանում, երբ մարդիկ սեփական մեքենաներով են մեկնում տարբեր վայրեր»,- ասաց փորձագետը:

Ա. Ոսկանյանի գնահատմամբ՝ Վրաստանում կառավարությունն ավելի կազմակերպված է գործել և հետևանքներն այնքան ծանր չեն, որքան Հայաստանում. «Օրինակ՝ Իմերեթիում կա համայնքային տուրիզմի զարգացման գրասենյակ և այն, ինչ մեզ մոտ տարերային է տեղի ունենում, այնտեղ կազմակերպված է, և ընդհանուր դժգոհությունը շատ ավելի փոքր է: Վրաստանում նաև որպես քաղհասարակություն ավելի քիչ հանդուրժող են, հստակ արձագանքում են պետության կողմից իրականացվող քայլերին»:

Գայանե Խաչատրյան

Աննա Թանդարյան