Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին․ Կոբախիձեն վերահաստատում է Թբիլիսիի դիրքորոշումը

«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, և որ ոչ ոք չի կարող փոխել կառավարության այս դիրքորոշումը։ Այս մասին նա ասել է այսօր՝ մարտի 16-ին, ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով ընդդիմությունը վերջին օրերին ակտիվ ներգրավված է սադրիչ ակցիաներում, «Ազգային շարժման» նպատակն է, որ Վրաստանի կառավարությունը և վրաց ժողովուրդը ընդունեն վտանգավոր որոշումներ և երկիրը ներքաշեն պատերազմի մեջ։

«2008 թվականին Վրաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի ժամանակ, չնայած նրան, որ Ռուսաստանը օկուպացրեց մեր տարածքների 20 տոկոսը, ռմբակոծեց և ավիրեց մեր քաղաքները, 30 հազար Վրաստանի բնակիչ լքեց երկիրը, ունեցանք զոհեր, ոչ մի պետություն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառեց, ավելին դա չարեց անգամ այն ժամանակվա Վրաստանի կառավարությունը» — նշում է կուսակցության առաջնորդը։

Կոբախիձեն հավելել է, որ այս մասին կառավարության տեսակետն անփոփոխ է, և Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։