Սոչիից և Մինվոդիից՝ Վրաստան. ռուսական Azimuth-ը ընդլայնում է թռիչքուղին

Ռուսական Azimuth ավիաընկերությունը անհրաժեշտ թույլտվություն ստանալու դեպքում հնարավոր է ավելացնի դեպի Վրաստան թռիչքի հաճախականությունը, գրում է BusinessPressNews-ը՝ վկայակոչելով ռուսական TASS պարբերականին:

Azimuth-ի գլխավոր տնօրեն Պավել Էկժանովն ասել է, որ ներկայումս Azimuth-ը Մոսկվա-Թբիլիսի թռիչքուղով թռչում է օրական երկու անգամ, և եթե ավիաընկերությունը թույլտվություն ստանա թռիչքի ուղղությունների մշակման համար, թռիչք կիրականացվի նաև այլ բազային օդանավակայաններից։

Էկժանովը, մասնավորապես, նշել է, որ Azimuth-ը պատրաստ է թռչել Վրաստան Սոչիի և Մինվոդիի օդանավակայաններից։ Ըստ նրա՝ ընկերությունը Վրաստանի այլ քաղաքներ թռիչքի համար արդեն հայտեր է ներկայացրել:

Ի դեպ, 2023 թվականի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր արձակեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։

Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունել են այն, մինչդեռ ընդդիմության և մեծ թվով փորձագետների պնդմամբ` Պուտինը նման կերպ «պարգևատրել է» Վրաստանի կառավարությանը։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։