Ստոլտենբերգ. օգտագործեք ՆԱՏՕ-ի անդամ դառնալու բոլոր հնարավորությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանին կոչ է արել դաշինքի անդամակցության համար օգտագործել բոլոր հնարավորությունները։

«Կոչ եմ անում շարունակել աշխատանքը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները դաշինքում հստակ դերակատարություն ստանալու ու անդամակցելու ուղղությամբ»,- Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմանը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։

Ստոլտենբերգը ողջունել է Վրաստանի կառավարության որոշումը, ըստ որի, ՀՆԱ-ի 2 տոկոսը այսուհետ կտրամադրվի երկրի պաշտպանական ոլորտին:

«Ուժեղացել է խորհրդարանի կողմից անվտանգության ոլորտի վերահսկողությունը: Նաև դատական համակարգի ուղղությամբ մեծ թափ է ստացել բարեփոխումների իրականացումը»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Հիշեցնենք՝ դաշինքի քարտուղարի այցի այս օրերին (մարտի 18-29-ը) Վրաստանում ընթանում են «ՆԱՏՕ-Վրաստան 2019» զորավարժությունները։