Սուդանում, ենթադրաբար, վրացական ավիաընկերության ինքնաթիռ է խոցվել

Գերմանական JACDEC ավիացիոն անվտանգության կենտրոնը տեսանյութ է տարածել, որում երևում է, որ Սուդանի մայրաքաղաք Խարթումում, ենթադրաբար, այրվել է վրացական Myway Airlines ավիաընկերության ինքնաթիռը. դեպքի պահին ինքնաթիռը դատարկ է եղել։

Ըստ տեղեկությունների՝ Myway Airlines-ը, որը վարձակալել է սուդանական Badr Airlines ավիաընկերությունը, տեղակայված է եղել Խարթումի օդանավակայանում։

Myway Airlines-ի ավիաընկերության տնօրեն Ռատի Բակուրաձեն դեռ չի հաստատել՝ արդյոք այն Myway Airlines-ին պատկանող ինքնաթիռն է:

RadioTavisupleba-ի հետ զրույցում, Բակուրաձեն ասել է, որ իրենք նույնպես ստացել են ինքնաթիռի այրվելու մասին հաղորդումներ, թեև դեռ սպասում են իրենց սուդանցի գործընկերոջ հաստատմանը, թե՝ արդյո՞ք այրված ինքնաթիռն իրենց երկու ինքնաթիռներից մեկն է:

Ի դեպ, Badr Airlines-ը մասնավոր ընկերություն է, որը հիմնադրվել է Սուդանում 2004 թվականին: Ընկերության ինքնաթիռները կատարում են ինչպես մարդատար, այնպես էլ բեռնափոխադրումներ, չարտերային թռիչքներ։

Սուդանում մարտերի սկսվելուց ի վեր՝ ապրիլի 15-ից մինչ այժմ, Խարթումի միջազգային օդանավակայանում ոչնչացվել է առնվազն 14 ինքնաթիռ։