Սուրբ Զատիկը Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցիներում

Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց 5 տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը։ Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվեցին ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվեց տոնական Սուրբ Պատարագը։

Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի այցելեց Վրաստանի կրոնական հարցերի պետական գործակալության նախագահ Զազա Վաշակղմաձեն։ Նա «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում իր շնորհավորանքները հղեց Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ։

«Այսօր համայն Քրիստոնեության համար մեծ տոն է։ Այսօր Վրաստանի Հայ Առաքելական, կաթոլիկ և լյութերական եկեղեցիները նշում են Զատկի Հրաշափառ տոնը, ուզում եմ շնորհավորել  Վրաստանում ապրող Հայ Առաքելական եկեղեցու բոլոր հավատացյալներին այս ամենամեծ տոնի առթիվ, ցանկանում եմ խաղաղություն, Աստծո ողորմածություն։ Այս տոնի ուժը և հավատքը հասնեն նրանց ընտանիքներին, մեր ընտանիքներին, ողջ Վրաստանին», — ասաց Վաշակղմաձեն։

Նա նաև ընդգծեց` թող Զատկի ավետիսը հասնի նաև երկու բարեկամ ժողովուրդներին և պատմական երկրներին․

«Զատիկը մեղքից ազատվելու, նոր նպատակների տոնն է։ Վստահ եմ, որ այս տոնի ավետիսը կհասնի մեր երկրներին, մեր ժողովուրդներին Հայաստանին և Վրաստանին, այս երկու պատմական, քրիստոնյա երկրներին Կովկասում։ Եվ այս ավետիսը կլինի միմյանց հանդեպ էլ ավելի մեծ սիրով և հարգանքով լցվելու, ավելի խորացնելու համար մեր եղբայրությունը»։

Սբ․ Գևորգ եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին մասնակցեց նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

 

Սուրբ Էջմիածին եկեղեցին հատկապես մարդաշատ էր։ Հավատացյալները գալիս էին զատկական զամբյուղներով և խնկենու ու ուռենու ճյուղերով։ Հատկանշական է նաև, որ Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է «Բզոբան»։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և պատասխանում են՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

Ի դեպ, Վրաց Ուղղափառ եկեղեցին սուրբ Հարության տոնը նշելու է ապրիլի 16-ին։